Խոակին Կապառոս. Մտերիմներս զարմացել էին, որ համաձայնել էի գլխավորել Հայաստանի հավաքականը (ֆոտո)

14:15   3 մայիսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Marca-ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ընդունել ՀՖՖ-ի առաջարկը և գնահատել թիմի շանսերն աշխարհի առաջնության ընտրական փուլում:

«Ես 2 տարվա պայմանագիր ունեի «Սևիլիայի» հետ: Ինձ հետ կապ հաստատեց Խինես Մելենդեսը, որն իմ ուսուցիչն է եղել Ալբասետեում, նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենն էր: Մենք ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպեցինք փետրվարի 14-ին Մադրիդում, և ինձ մոտ ցանկություն առաջացավ: Իմ օգնականին ասացի, որ ինձ դուր եկավ: Մտերիմներս նույնիսկ զարմացել էին, որ համաձայնել եմ, բայց դա նոր մարտահրավեր էր, և ես չսխալվեցի: Ամեն բան դուր է գալիս ինձ: Լավ թիմ ենք ստեղծել Խավյեր Մինյանոյի, Պաբլո Լյանյեսի ու մեր օգնականների հետ: Հայաստան մեկնելուց առաջ հայ ֆուտբոլիստներից ճանաչում էի միայն Հենրիխ Մխիթարյանին, որը խաղում է «Ռոմայում»:

Ապրում եմ Երևանի կենտրոնում: Ստեղծված իրավիճակի պատճառով ճանապարհորդելու հնարավորությունը մեծ չէ: Դա մեծ քաղաք է, որտեղ ապրում է մոտ մեկ միլիոն մարդ: Նրանք շատ հյուրընկալ են և ունեն լավ գինի:

Կնախընտրեի, որ Հայաստան – Իսպանիա հանդիպում տեղի ունենար ոչ թե Սևիլիայի «Պիսխուան» սատդիոնում, այլ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում: Երազող մարդիկ երազում են, իսկ պրոֆեսիոնալները ամուր կանգնած են ոտքերի վրա: Գիտեմ, որ դա շատ բարդ է լինելու: Հայերի համար իրենց թիմին առաջին տեղում տեսնելը տպավորող է, այդ պատճառով նրանք պարծենում են: Այն, ինչ պետք է տեղի ունենա, կլինի»,- ասել է իսպանացի մասնագետը:

Խոակին Կապառոսը նաև պատմել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսական «Sputnik V» պատվաստանյութով: 65-ամյա մասնագետի խոսքով, պատվաստվել են նաև նրա մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները: 

Հիշեցնենք, որ իսպանական «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչը նախորդ տարվա մարտին էր գլխավորել Հայաստանի հավաքականը, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հաղթել էր Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում ու նվաճել B դիվիզիոնի ուղեգիր, իսկ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մեկնարկել է 3 հաղթանակով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։