Պատերազմի հերոսներին նվիրված համարներ՝ գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի առաջնությունում (ֆոտոշարք)

09:35   3 մայիսի, 2021

Երեւանի «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում մայիսի 1-2-ն անցկացվել է գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում էին 110 մարզուհիներ Երեւանից, Կապանից, Գյումրիից եւ Ռուսաստանի Դաշնությունից:

Թիմային պայքարում 319,945 միավորով հաղթող է դարձել «Շահինյան-1» թիմը, երկրորդ տեղը կիսել են «Շահինյան-2» եւ «Գյումրի-1» թիմերը, երրորդ տեղում «Կենտրոն-1» թիմն է:

Անհատական պայքարի ամփոփիչ արդյունքներով հաղթել են՝

Սպորտի վարպետի ծրագրով

Մեծահասակներ

Առաջին տեղ՝ Էդիտա Հովհաննիսյան (60,75 միավոր)

Երկրորդ տեղ՝ Մարիամ Դավթյան  (42,65 միավոր)

Երրորդ տեղ՝  Գոհար Հովհաննիսյան (40,7 միավոր)

Սպորտի վարպետի ծրագրով

Երիտասարդներ

Առաջին տեղ՝ Մերի Պողոսյան (68,9 միավոր)

Երկրորդ տեղ՝ Իլոնա Ղանդիլյան (52,2 միավոր)

Երրորդ տեղ՝  Նաստյա Հարությունյան (42,25 միավոր)

Սպորտի վարպետի թեկնածուի ծրագրով հաղթողները տարբեր տարիքային խմբերում

Անժելիկա Կարախանյան (2006 թ.)

Ալինա Տուսկարեւա (2007 թ.)

Միլենա Ասիրյան (2008թ.)

Բազմամարտում Հայաստանի չեմպիոններ դարձան Մերի Մկրտչյանը (2009թ.) եւ Արիանա Ավագիմյանը (2010թ.):

Հայաստանի առաջնությանը հետեւում էին սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոններ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը, ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանը:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով, գեղարվեստական մարմնամարզությունում խնդիրները շատ են՝ սկսած մարզաձեւով զբաղվելու տարրական պայմաններից:

«Գեղարվեստական մարմնամարզությունն այն ձեւերից է, որ մասսայականության խնդիր չունի: 110 մասնակից ունենք եւ սա այն դեպքում, երբ տարրակա պայմաններն անգամ ուղղակի բացակայում են, անգամ մեկ դպրոց չունենք, որ ասենք՝ սա գեղարվեստական մարմնամարզության դպրոց է կամ այստեղ մարզվում են մեր մարմնամարզուհիները: Եվ այս պայմաններում, եթե կարողանում ենք ապահովել մասնակիցների այսպիսի թիվ, գոհացնող է: Մարզիչները մեծ գործ են անում, բայց կարող էին նաեւ չանել՝ «չկան պայմաններ, չենք աշխատում» պատճառաբանությամբ: Հաշվի չառնելով մեծ խնդիրները՝ մարզիչներն աշխատում են:

Ֆեդերացիան իր մասով փորձում է գտնել լուծումներ, որպեսզի կարողանանք միջազգայինին  մոտ պայմաններ ապահովել գեղարվեստական մարմնամարզությանը եւս: Ինձ տեղեկացրին, որ Հայաստանի առաջնության անցկացման համար աղջիկները գորգ չունեն: Նախկին գորգը, որի վրա թիմերը մարզվում են, շարքից դուրս է եկել: Ֆեդերացիան նախաձեռնեց եւ ձեռք բերեց գորգ, որը մեզ հասավ առաջնության մեկնարկից երկու օր առաջ: Այժմ աղջիկներն ունեն գորգ: Հետաքրքրվեցի շատերից, ասացին, որ գոհ են, հարմար է: Բայց սա ամենաքիչն է մարզաձեւի զարգացման համար: Խնդիրը միջազգային մրցահարթակներում մրցունակ կազմ ու բարձր արդյունքներ գրանցող մարմնամարզուհիներ ունենալն է, բայց կրկնեմ, դրա հիմքը՝ նախ լավ պայմաններ են: Պետք է ստեղծենք հնարավորություն նորմալ մարզումային գործընթաց ապահովելու համար:

Մարմնամարզության ֆեդերացիայում խնդիրերն այնքան շատ են, որ ֆեդերացիան միայնակ չի կարողանում լուծել դրանք: Մի քանի ճյուղ ունենք ու բոլորում էլ շատ են խնդիրները: Ֆեդերացիան միայն իր միջոցներով չի կարող, որովհետեւ մեծ ֆինանսերի հետ է կապված: Նպատակ ունենք, որ առաջիկա 5 տարվա ընթացքում յուրաքանչյուր ձեւում կունենանք միջազգայինին մոտ գոնե մեկ մարզադպրոց: Այդ մասով աշխատանքներ են տարվում, պետությունն էլ ունի օգնելու, աջակցելու ցանկություն»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Վանոյանը:

Առաջնության փակման հանդիսավոր արարողությունը նվիրված էր Արցախյան պատերազմի հերոսներին: Պատանի եւ երիտասարդ մարմնամարզուհիները հերոսներին պատկերող շապիկներով տպավորիչ համարով եզրափակեցին երկու օր տեւած Հայաստանի առաջնությունը:

Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի ավագ մարզիչը Գայանե Ներսիսյանն է, որի գլխավորությամբ երեք մարզուհիներ Վառնայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն Հայաստանը:

Գայանե Ներսիսյանը հրաժարվեց ամփոփել Հայաստանի առաջնությունը՝ ֆեդերացիայի նախագահի եւ գլխավոր քարտուղարի ներկայությամբ անհասկանալի վարք դրսեւորելով NEWS.am Sport-ի թղթակցի հանդեպ: Ավագ մարզիչը, որը նախկինում եւս աչքի է ընկել նման վարքագծով, Հայաստանի առաջնության մեկնաբանումն ու ամփոփումը կատարելիս առաջնորդվում է անձնական վերաբերմունքով:

Լուսինե Շահբազյան



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։