Ֆոնսեկա. Իհարկե, «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ զրուցել եմ Մխիթարյանի ու Սմոլինգի հետ

09:09   29 ապրիլի, 2021

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նախախաղային ասուլիսում խոսել է Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման մասին:

«Միանշանակ, լինելու է կարևոր հանդիպում: Ամեն օր չենք հայտնվում կիսաեզրափակիչում և գիտենք, թե որքան կարևոր պահ է մեզ համար: Այն, թե ինչպես երկրպագուները ճանապարհեցին մեզ, շատ կարևոր էր: Զգացինք նրանց աջակցությունը և ցանկանում ենք հաղթել երկրպագուների, քաղաքի ու ակումբի համար»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Պաուլու Ֆոնսեկային նաև հարցրել են, թե արդյոք «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգի ներկայությունը կօգնի այս դիմակայությունում:

«Հանդիպելու ենք մեծագույն ակումբի հետ, հնարավոր է՝ դիմակայության ֆավորիտը հենց նրանք են: Լավ ենք պատրաստվել խաղին: Իհարկե, զրուցել եմ Սմոլինգի ու Մխիթարյանի հետ, քանի որ նրանք խաղացել են այստեղ և ունեն այսպիսի մրցումների փորձ: Բոլորս գիտենք, որ սպասվում է բարդ հանդիպում: Հարգում ենք «Մանչեսթեր Յունայթեդին», բայց ցանկանում ենք հասնել հաջողության»,- ասել է մարզիչը:

Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։