Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ (ֆոտո, վիդեո)

00:54   29 ապրիլի, 2021

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ:

Փարիզում անցկացված հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց ՊՍԺ-ի ավագ Մարկինյոսը, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Բրազիլացի պաշտպանը գլխի հարվածով աչքի ընկավ անկյունայինի խաղարկման արդյունքում: ՊՍԺ-ն առաջին խաղակեսում ոչնչով չէր զիջում Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատարին, սակայն ընդմիջումից հետո պատկերը փոխվեց:

Երկրորդ խաղակեսում անգլիական ակումբն ուներ տարածքային առավելություն, որը գոլի վերածեց 64-րդ րոպեին: Բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի փոխանցումից հետո գնդակը հայտնվեց դարպասում՝ 1:1: Գոլից հետո Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պահպանում էր խաղային առավելությունը, իսկ 71-րդ րոպեին նաև առաջ անցավ հաշվի մեջ: Տուգանային հարվածով հյուրերին առաջ մղեց ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը, որի հարվածից հետո գնդակը դարպասում հայտնվեց պատ կազմած ֆուտբոլիստների արանքով:

77-րդ րոպեին կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց ՊՍԺ-ի սենեգալցի կիսապաշտպան Իդրիսա Գեյեն: Թվային առավելություն ստացած «Մանչեսթեր Սիթին» վերջնամասում վերահսկում էր խաղը, բայց հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց:

Պատասխան հանդիպումը Մանչեսթերում տեղի կունենա մայիսի 4-ին:

Հիշեցնենք, որ եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են Մադրիդի «Ռեալը» և Լոնդոնի «Չելսին», որոնց միջև առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

ՊՍԺ (Ֆրանսիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1:2 (տեսանյութ)

Մարկինյոս, 15 – Կևին դե Բրույնե, 64, Ռիհադ Մահրեզ, 71

Հեռացում՝ Իդրիսա Գեյե, 77 (ՊՍԺ)

ՊՍԺ․ Նավաս, Ֆլորենցի, Կիմպեմբե, Մարկինյոս, Բեկեր, Գեյե, Վերատի, Պարեդես (Անդեր Էրերա, 83), Դի Մարիա (Դանիլո, 80), Նեյմար, Մբապե։

«Մանչեսթեր Սիթի»․ Էդերսոն, Ուոլքեր, Սթոուս, Դիաշ, Կանսելո (Զինչենկո, 61), Ռոդրի, Գյունդոգան, Դե Բրույնե, Ֆոդեն, Բերնարդո Սիլվա, Մահրեզ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։