Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը Հայաստանի թիմի հետ վերադարձել է հայրենիք (ֆոտո, վիդեո)

10:55   28 ապրիլի, 2021

Սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմը Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանի հետ նախորդ գիշեր Եվրոպայի առաջնությունից վերադարձավ հայրենիք: Կորոնավիրուսով պայմանավորված, «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորում չէր կազմակերպվել, բայց Արթուր Դավթյանին դիմավորեցին չեմպիոնին վայել՝ ծափերով եւ դափնիներով:

Չեմպիոնին դիմավորելու էին եկել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, նախարարության աշխատակիցներ, սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչներ, մարզիչներ, հարազատներ եւ երկրպագուներ: Ամենամեծ երկրպագուն Արթուր Դավթյանի դուստրն էր՝ Ալիսան, որը մեկամյակի տարեդարձը նշելուց հետո, եկել էր օդանավակայան՝ չեմպիոն հայրիկին դիմավորելու:

Շվեյցարիայի Բազել քաղաքում ապրիլի 21-25-ն անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը 5 մասնակիցով նվաճեց մեկ ոսկե մեդալ։ Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, հռչակվեց նժույգ թափեր վարժության Եվրոպայի չեմպիոն։ Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոնը ոսկե մեդալ նվաճեց 14.266 միավորով: Հայաստանի մյուս ներկայացուցիչները մեդալ չնվաճեցին: Նժույգ թափերի եզրափակիչ դուրս եկած 18-ամյա Գագիկ Խաչիկյանը զբաղեցել է չորրորդ տեղը: Օղակների վարժությունում 4-րդ տեղը գրավեց Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը 8-րդն էր: Արթուր Դաթվյանը հենացատկի վարժությունում բավարարվեց 6-րդ տեղով։ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմից միայն բազմամարտում հանդես եկող Արմեն Պետրոսյանին չհաջողվեց հաղթահարել որակավորման փուլի արգելքը։

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Նա օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։