Չեմպիոնների լիգա. «Չելսին» ու «Ռեալը» բաժանվեցին խաղաղությամբ (ֆոտո, վիդեո)

00:51   28 ապրիլի, 2021

Մադրիդի «Ռեալի» ու Լոնդոնի «Չելսիի» միջև դիմակայությամբ մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը: Մադրիդում տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Խաղի սկզբնամասում անգլիական ակումբն ավելի լավ տեսք ուներ, իսկ 14-րդ րոպեին բացեց հաշիվը: Աչքի ընկավ ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը: Այդ գոլից րոպեներ առաջ իրական գոլային պահ կորցրեց «Չելսիի» գերմանացի հարձակվող Տիմո Վերները: «Ռեալը» սկզբնամասում այնքան էլ վստահ չէր գործում պաշտպանությունում, բայց 24-րդ րոպեին խփեց պատասխան գոլը: Անկյունայինի խաղարկման արդյունքում գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման: 33-ամյա ֆրանսիացին դարձավ «Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ այդ ցուցանիշով գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուին: Այդ գոլից հետո խաղը հավասարվեց, իսկ թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսը դիտարժանությամբ զիջում էր առաջինին: Ընդմիջումից հետո գոլային պահերը շատ չէին, և դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին: Առաջին խաղակեսի ընթացքում սկսվեց անձրև, որը շարունակվեց մինչև հանդիպման ավարտը:

«Չելսին» ու «Ռեալը» Չեմպիոնների լիգայում հանդիպեցին առաջին անգամ: 

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 5-ին Լոնդոնում: Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիային» պայքարից դուրս թողած ֆրանսիական ՊՍԺ-ն, որոնց միջև առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին Փարիզում:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Ռեալ» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 1:1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 29 – Կրիստիան Պուլիշիչ, 14

«Ռեալ». Կուրտուա, Կարվախալ (Օդիրոսոլա, 77), Միլիտաո, Վարան, Նաչո, Մարսելո (Ասենսիո, 77), Կազեմիրո, Մոդրիչ, Կրոս, Վինիսիուս (Ազար, 66), Բենզեմա (Ռոդրիգո, 90+2)։

«Չելսի». Մենդի, Ասպիլիկուետա (Ջեյմս, 66), Ռյուդիգեր, Տիագո Սիլվա, Կրիստենսեն, Չիլուել, Ժորժինյո, Կանտե, Մաունթ, Պուլիշիչ (Զիեշ, 66), Վերներ (Հավերց, 66)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։