ԵԱ. Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում (ֆոտո)

22:16   25 ապրիլի, 2021

Լեհաստանում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 82 կգ քաշային կարգում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2:3 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Աիվենգո Ռիկաձեին:

2020 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիրը առաջին մրցափուլում մեկ միավոր վաստակեց, ապա վրացի ըմբիշը հարմար բռնվածքով Չալյանին թիկունքից գլորեց եւ հաշվի մեջ առաջ անցավ: Գորգի մրցավարը վրացի ըմբիշի հնարքը 3 միավոր գնահատեց, սակայն կողային մրցավարները մեկ միավոր հանեցին Ռիկաձեի հաշվից: Երկրորդ մրցափուլում մրցակցի պասիվության համար Չալյանը եւս մեկ միավորով ավելացրեց իր հաշվին, բայց վրացի ըմբիշին պարտեր դրությունից գլորել չհաջողվեց: Գոտեմարտն ավարտվեց 3:2 հօգուտ վրացի ըմբիշի:

Չալյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ֆինն Միկո Լիտինենի նկատմամբ, սակայն 1/8 եզրափակիչում 3:5 հաշվով պարտվել էր ռուս Ադլան Ակիևին:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտից առաջ Չալյանը երկու սփոփիչ գոտեմարտ անցկացրեց: Առաջին սփոփիչ գոտեմարտում Չալյանը 1 րոպե 57 վայրկյանում 8:0 հաշվով հաղթեց շվեյցարացի Մարկ Վեբերին: Երկրորդ սփսոփիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը համառ պայքարում 5:4 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Յարոսլավ Ֆիլչակովի նկատմամբ:

Էդուարդ Սահակյանի գլխավորած թիմի կազմում 72 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալ է նվաճել Մալխաս Ամոյանը, 67 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Սլավիկ Գալստյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։