«Բավարիան» պարտվեց, Ադամյանը խաղաց «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում (տեսանյութ)

19:26   24 ապրիլի, 2021

Բունդեսլիգայի 31-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Մայնցից» և չօգտվեց առաջնության ավարտից 3 տուր առաջ չեմպիոնի տիտղոսն ապահովելու հնարավորությունից: Մյունխենցիների կազմում հաշիվն ավելացված ժամանակում կրճատեց վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը 36 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Բավարիան» ունի 71 միավոր և 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

«Հոֆենհայյմը» 1:1 հաշվով ավարտեց «Ֆրայբուրգի» դեմ արտագնա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը տևական ընդմիջումից հետո ընդգրկվել էր «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում և փոխարինվեց 61-րդ րոպեին: 27-ամյա Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում նախորդ անգամ հանդես եկել է 2019-ի դեկտեմբերի 17-ին, երբ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի խաղում խաղացել է «Ունիոն Բեռլինի» դեմ: 

Դորտմունդի «Բորուսիան» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ և 55 միավորով ամրապնդվեց 5-րդ տեղում: «Վոլֆսբուրգը» 57 միավորով երրորդն է:

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Մայնց» - «Բավարիա»՝ 2:1 (տեսանյութ)

Ջոնաթան Բուրկարդտ, 3, Ռոբին Քուաիսոն, 37 – Ռոբերտ Լևանդովսկի, 90+5

«Վոլֆսբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 0:2 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 12, 68

Հեռացում՝ Ջուդ Բելինգտոն, 59 («Բորուսիա Դ.»)

«Ֆրայբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 1:1 (տեսանյութ)

Վինչենցո Գրիֆո, 81 (11մ) – Անդրեյ Կրամարիչ, 40

«Ունիոն Բեռլին» - «Վերդեր»՝ 3:1 (տեսանյութ)

Ջոել Պահջանպալո, 50, 53, 67 – Թեոդոր Գաբրե Սելասիե, 82



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։