Իբրահիմովիչ. Ապացուցեցի, որ տարիքը նշանակություն չունի

13:58   24 ապրիլի, 2021

Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իտալական «Միլանի» հետ գործող պայմանագիրը մեկ տարով երկարաձգելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Կարծում եմ՝ համագործակցությունը կստացվի դրական: Եթե ինչ-որ մեկը կասկածներ ուներ իմ գալուց առաջ, ապա ես ապացուցեցի, որ տարիքը նշանակություն չունի: Ամեն բան հոգեբանության մեջ է: Ես միշտ ցանկանում եմ զարգանալ ու ներդնում եմ բոլոր ուժերս: Փորձում եմ օգնել բոլորին, մոտիվացնել: Երբ տեսնում եմ երիտասարդ խաղացողներին ու նրանց առաջընթացը, զգում եմ ադրենալինի հոսք»,- 39-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է football-italia-ն:

Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը: Իտալական մամուլի համաձայն՝ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 7 միլիոն եվրո:

Իբրահիմովիչը 2020 թվականի հունվարին էր վերադարձել «Միլան», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման, խփել 15 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Նա իտալական ակումբում խաղացել է նաև 2010-2012 թվականներին: «Միլանի» կազմում հարձակվողն անցկացրել է 130 հանդիպում, դարձել 84 գոլի ու 32 գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում նա հանդես է եկել նաև շվեդական «Մալմյոյում», հոլանդական «Այաքսում», Թուրինի «Յուվենտուսում», կատալոնական «Բարսելոնայում», ֆրանսիական ՊՍԺ-ում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» եւ ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.