00:15 20 ապրիլի, 2021Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» ՈւԵՖԱ-ի կամքին հակառակ նորաստեղծ Սուպերլիգային միանալու պատճառով չեն շարունակի ելույթները Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում: Այդ մասին հայտարարել է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Յեսպեր Մելերը:
««Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» կհեռանան: Սպասվում եմ, որ դա տեղի կունենա ուրբաթ, իսկ հետո կորոշենք, թե ինչպես ավարտել Չեմպիոնների լիգան: Ուրբաթ տեղի կունենա Գործկոմի արտահերթ նիստ: Սպասում եմ, որ 12 ակումբներ կհեռացվեն»,- Մելերի խոսքը մեջբերում է CBS Sports-ը:
Հիշեցնենք, որ եվրոպական 12 առաջատար ակումբներ ապրիլի 19-ին պաշտոնապես հայտնել էին ֆուտբոլի Սուպերլիգայի ստեղծման մասին: Սուպերլիգայի հիմնադիրներն են իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Սպասվում է, որ հիմնադիրներին կմիանան ևս 3 ակումբներ:
Սուպերլիգայի նախագահ է ընտրվել Մադրիդի «Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը, իսկ Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին ու «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Ջոել Գլեյզերը կկատարեն կազմակերպության փոխնախագահի պարտականությունները:
Սուպերլիգայի առաջին մրցաշարը նախատեսված է սկսել օգոստոսին: Կմասնակցեն 20 թիմեր, որոնցից 15-ը լիգայի հիմնադիրներն են: Մյուս 5 մասնակիցները կորոշվեն որակավորման փուլի արդյունքում: Յուրաքանչյուր մասնակից մեկ մրցաշրջանում կանցկացնի 218-23 հանդիպում: Հանդիպումները կանցկացվեն շաբաթվա միջնամասում: 20 թիմեր կբաժանվեն 2 խմբերի և հանդիպումներ կանցկացնեն տանն ու հյուրընկալվելիս: Խմբերում 1-3-րդ տեղ գրաված թիմերը կնվաճեն քառորդ եզրափակիչի ուղեգիր: 4-րդ և 5-րդ տեղ գրաված ակումբները կվիճարկեն քառորդ եզրափակիչի մյուս 2 ուղեգրերը: Փլեյ-օֆֆը կանցկացվի 2 դիմակայությամբ, իսկ եզրափակիչը՝ մեկ խաղով:
Սուպերլիգային միանալու համար ակումբները կստանան 350-ական միլիոն եվրո:
Սուպերլիգան նախատեսում է նաև ապագայում ստեղծել կանանց մրցաշար:
ՈւԵՖԱ-ն, Անգլիայի Պրեմիեր լիգան, Իտալիայի A Սերիան ու Իսպանիայի Լա Լիգան հանդես են եկել միասնական հայտարարությամբ և ակումբներին դատապարտել են Սուպերլիգա ստեղծելու համար: ՖԻՖԱ-ն նույնպես հավանություն չի տվել մրցաշարի անցկացմանը:
Սուպերլիգայի հիմնադիրները հայտնել են, որ մտադիր չեն դադարեցնել իրենց ելույթներն ազգային առաջնություններում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.