Ֆոնսեկա. Չգիտեմ՝ արդյո՞ք «Ռոմայի» մարզիչը կլինեմ հաջորդ մրցաշրջանում

11:55   16 ապրիլի, 2021

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան անդրադարձել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Ամստերդամի «Այաքսի» հետ տնային ոչ ոքիին (1:1), որի շնորհիվ հռոմեական ակումբը նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր:

«Կարծում եմ՝ Ամստերդամում մրցակիցն ավելի շատ խնդիրներ ստեղծեց մեր պաշտպանության համար: Հանդիպման մեծ մասը մենք վերահսկում էինք: Մրցակիցն ունի շատ տաղանդավոր թիմ, բայց մենք հրաշալի գործեցինք պաշտպանությունում:

Երբեք չէի նվաճել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր, այնպես որ սա հպարտության մեծ առիթ է ինձ համար:

Ինչ վերաբերում է ապագայիս, ապա այս հաջողությունը ոչինչ չի փոխում: Չգիտեմ՝ արդյո՞ք «Ռոմայի» մարզիչը կլինեմ հաջորդ մրցաշրջանում: Ես միշտ ասել եմ, որ ապագան քիչ է անհանգստացնում ինձ: Կարևոր են միայն «Ռոմայի» հաջողությունները»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football-italia-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ հանդես եկավ «Ռոմայի» մեկնարկային կազմում և փոխարինվեց 87-րդ րոպեին։ Ամստերդամում տեղի ունեցած առաջին խաղում իտալական ակումբն «Այաքսին» հաղթել էր 2:1 հաշվով:

Կիսաեզրափակիչում «Ռոման» կմրցի Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ Լոնդոնի «Արսենալն» ուժերը կչափի իսպանական «Վիլյառեալի» դեմ:

1991 թվականից հետո առաջին անգամ «Ռոման» դուրս եկավ Եվրոպայի լիգայի (նախկինում՝ ՈւԵՖԱ-ի գավաթ) կիսաեզրափակիչ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.