Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյան. Հաղթանակս Արցախյան պատերազմում զոհված մեր հերոսներինն է

18:31   10 ապրիլի, 2021

Հաղթանակս մեր հերոսներինն է, բոլոր մեր եղբայրներինը, որոնք իրենց կյանքը չխնայեցինք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու համար: Այսօրվա մրցահարթակի պայքարն ավելի պարտավորեցնող էր, որովհետեւ անպայման պետք է հաղթեինք ու ապացուցեինք՝ մենք ուժեղ ազգ ենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մոսկվայից ասաց ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Սամվել Գասպարյանը:

Մոսկվայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 102 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը երկամարտի 390 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը: Փոխչեմպիոն դարձավ Արսեն Մարտիրոսյանը՝ 380 կգ, երրորդ տեղում Ադրբեջանի ներկայացուցիչ Դադաշ Դադաշբայլին էր երկամարտի 379 կգ արդյունքով:

Տպավորիչ ստացվեց այս քաշային կարգի պարգեւատրման արարողությունը եւ դրոշների դասավորությունը, որը մեծ աժիոտաժ է առաջացրել սոցցանցերի հայկական տիրությում: Սամվել Գասպարյանի ու Արսեն Մարտիրոսյանի գլխավորությամբ Հայաստանի երկու դրոշները ծածանվեցին Ադրբեջանի դրոշից բարձր:

Սամվել, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Սպասվա՞ծ էր:

Շնորհակալ եմ: Այո, այս հաղթանակը սպասված էր: Մեծահասակների մակարդակում սա իմ առաջին ոսկե մեդալն էր: Վստահ էի, որ կարողանալու եմ Եվրոպայի այս առաջնությունում ոսկե մեդալ նվաճել: Շատ լավ էի պատրաստվել, երկու տարի այս օրվա համար էի պատրաստվել, հոգեբանորեն նույնպես պատրաստ էի ամենաբարձր կիլոգրամները բարձրացնելուն: Այն, որ այսօր ինձ հետ միասին պատվո հարթակին կանգնեց նաեւ Արսեն Մարտիրոսյանը, հաղթանակից վեր էր: Ոչինչ չէր կարող խանգարել, որ մենք ցույց տայինք հայի ուժը մրցահարթակում:

Պոկում վարժության երրորդ մոտեցումը չստացվեց, ի՞նչը խանգարեց:

Չգիտեմ, չստացվեց, բայց գիտեի, որ հրում վարժությունում գերազանցելու եմ բոլորին: Հրում վարժության երրորդ մոտեցմանը չմոտեցա, որովհետեւ այլեւս կարիք չկար: Մարզիչների հետ որոշեցինք, որ արդեն հաջորդ բարձր քաշը թողնենք աշխարհի առաջնության համար եւ բավարարվենք 214 կգ-ով:

Բաթումիում քեզ ի՞նչն էր պակասում այս արդյունքն ունենալու համար:

Բաթումիի Եվրոպայի առաջնությունում ժամանակս էր քիչ լիարժեք այսպես պատրաստվելու համար: Վիրահատությունից հետո չէի հասցրել կատարյալ մարզավիճակ ձեռք բերել: Բացի այդ, Բաթումիում հոգեբանորեն պատրաստ չէի լինել չեմպիոնության համար պայքարում, լարվածությունը խանգարեց ինձ այնտեղ: Օրինակ՝ հիշում եմ, որ Բաթումիի նախապատրաստական փուլում ամեն օր ինքս ինձ ու մարզիչներին համոզում էի, որ ամեն ինչ լավ է: Բայց փաստացի ֆիզիկապես պատրաստ չէի այնպես, ինչպես այսօր: Այսօր ես յուրաքանչյուր վարժությանը մոտենում էի շատ վստահ ու գիտեի, որ իմ ուժերի սահմաններում է, եւ ես կարող եմ ու դեռ ավելին:

Ադրբեջանցի մրցակցին հետ թողեցիր 11 կգ-ով…

Իրականում, ինձ համար երբեք նշանակություն չի ունեցել, թե ինչ ազգի ներկայացուցիչներ են մրցակիցներս: Բայց այսօր իմ ու Արսենի հաղթանակը կրկնապատկվեց դրոշային այդ պատկերով, ուրախացրեց:

Ի՞նչ հույզեր ունեիր այդ պահին, երբ հետեւում էիր դրոշների բարձրանալուն:

Հպարտություն էի զգում: Միայն ուրախության զգացումներ էին պատվո հարթակին ու հիմա էլ, որ երկու հայով ադրբեջանցուն հաղթեցինք ու մեր հիմնը հնչեց: Հաղթանակիս համար շնորհակալ եմ անձնական մարզիչիս՝ Հարություն Եղոյանին, հավաքականի մարզչական կազմին ու բոլորին, ովքեր այսօր ուրախացան մեզ հաղթանակով: Հատուկ ուզում եմ շեշտել, որ այս հաղթանակը մեր հերոսներինն է: Հաղթանակս նվիրում եմ բոլոր մեր եղբայրներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու համար: Այսօրվա մրցահարթակի պայքարն ավելի պարտավորեցնող էր: Պետք էր հաղթել, որ ապացուցվեր՝ մեր ազգն ուժեղ է:

Լուսինե Շահբազյան

Սամվել Գասպարյանը 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր է: 2016 թվականին Թբիլիսիում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է 4-րդ տեղը երկամարտի 359 կգ արդյունքով: 2016 թվականին Իսրայելում կայացած Եվրոպայի Մ-20 առաջնության բրոնզե մեդալակիր է 346 կգ արդյունքով: 2017 թվականին Եվրոպայի մեծահասակների առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 375 կգ երկամարտի արդյունքով:

2019 թվականին Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Գասպարյանը երկրամարտի 377 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ, իսկ աշխարհի առաջնությունում երկամարտի 390 կգ արդյունքով 5-րդն էր: Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի առաջնության հրում վարժության ընթացքում ստացած վնասվածքը Սամվել Գասպարյանին խանգարեց պայքար մղել չեմպիոնության համար: Պոկում վարժությունում նա 10 կգ-ով գերազանցեց Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքը և, բարձրացնելով 178 կգ, նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

2019 թվականի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Սամվել Գասպարյանը չեմպիոն հռչակվեց։ 109 կգ քաշայինների պայքարում նա երկամարտում հավաքեց 390 կգ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.