18:08 9 ապրիլի, 2021Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած երկրորդ մենամարտում հաղթանակ է տարել ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովի նկատմամբ։
Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի #MTKFightNight երեկոյի ընթացքում Բաչկովը մրցակցին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում։
Գյումրեցի բռնցքամարտիկն առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել էր 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Դուբայում տեղի ունեցած Rotunda Rumble IV երեկոյի ընթացքում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:
Նորամուտի հաղթանակը Բաչկովը նվիրել էր հայ զինվորին:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին Բաչկովը 3 տարվա պայմանագիր էր կնքել MTK Global մենեջերական ընկերության հետ: Ըստ պայմանագրի, պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալուն զուգահեռ, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը կնախապատրաստվի նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.