Հայ լրագրողները 2-րդ տեղն են գրավել Եգիպտոսի ֆուտբոլային մրցաշարում (ֆոտո)

13:08   9 ապրիլի, 2021

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը երկրորդ տեղն է գրավել Եգիպտոսում անցկացված լրատվամիջոցների և լրագրողների 8-րդ միջազգային մրցաշարում, որին մասնակցել են 6 թիմեր Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Եգիպտոսից, Մոլդովայից, Ղազախստանից:

Շարմ էլ Շեյխ քաղաքում 3 օրում տեղի ունեցած մրցաշարում հայ լրագրողները 5 խաղում տարել են 4 հաղթանակ, կրել մեկ պարտություն ու 12 միավորով գրավել երկրորդ տեղը: Նույնքան միավոր է հավաքել նաև մրցաշարի հաղթողի կոչումը նվաճած Մոլդովայի հավաքականը, որը Հայաստանի թիմին գերազանցել է միայն իրար միջև խաղերի ցուցանիշով: Հայաստանի հավաքականը մրցաշարում ամենաշատ գոլ խփած թիմն է (18 գոլ):

Մրցաշարին Հայաստանի թիմի մասնակցությունը հնարավոր է դարձել «TotoGaming» բուքմեյքերական ընկերության աջակցության շնորհիվ։ 2019 թվականին հայկական թիմը դարձյալ երկրորդ տեղն էր գրավել այս մրցաշարում՝ զիջելով միայն Եգիպտոսի հավաքականին։

«Այս մրցաշարն առանձնահատուկ էր նրանով, որ թույլ թիմեր չկային, և յուրաքանչյուր խաղ վճռորոշ էր։ Տրամադրվել էինք հաղթանակով վերադառնալ Հայաստան։ Մեզ հաջողվեց հաղթել մրցաշարի ֆավորիտներին՝ Ղազախստանի և Ուկրաինայի թիմերին, սակայն Մոլդովայի հավաքականի հետ հանդիպմանը հաջողությունը մեր կողմը չէր, չնայած հաշիվը խաղում մենք էինք բացել։ Զգացվեց մեր տղաների հոգնածությունը, քանզի մրցաշարից մի քանի ժամ առաջ էինք ժամանել Եգիպտոս։ Ինչեւէ, կարծում եմ՝ երկրորդ տեղը ևս վատ արդյունք չէ և առաջիկա հաղթանակների հույս է ներշնչում»,- ասել է Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականի ավագ Դավիթ Ալավերդյանը։ 

Հիշեցնենք, որ լրագրողների Հայաստանի հավաքականը, որտեղ ընդգրկված են հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մասնակից և մեդալակիր է։

Հայաստանի թիմի արդյունքները

Հայաստան – Մոլդովա՝ 1:3
Հայաստան – Ղազախստան՝ 5:4
Հայաստան – Բելառուս՝ 4:2
Հայաստան – Ուկրաինա՝ 2:1
Հայաստան – Եգիպտոս՝ 6:1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։