Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը «Հանրապետականում» (վիդեո)

19:31   30 մարտի, 2021

Ռումինիայի հավաքականի դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի երրորդ տուրի հանդիպմանը պատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Մարզումը բաց թողեց Երևանի «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը, որը վնասվածքի պատճառով չի մասնակցի առաջիկա հանդիպմանը: Չմարզվեց նաև հունական «Լամիայի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: Վերականգնողական փուլը շարունակող 32-ամյա ֆուտբոլիստը ևս բաց կթողնի Ռումինիայի հավաքականի հետ հանդիպմանը:

Հավաքին մասնակցող մյուս բոլոր ֆուտբոլիստները մարզվեցին առանց սահմանափակումների:

Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստներից թիմի ճամբարում չեն Պետրոս Ավետիսյանը («Նոա»), Արման Հովհաննիսյանը («Փյունիկ»), Յուրի Գարեգինյանը («Նոա») և «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը:

Մարտի 30-ին՝ ժամը 18:00-ին, «Հանրապետականում» նախախաղային մարզում է անցկացրել նաև Ռումինիայի հավաքականը:

Հայաստան - Ռումինիա հանդիպումը տեղի կունենա մարտի 31-ին «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 20:00-ին: Խաղը կսպասարկի Լատվիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ 36-ամյա Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ:

Հայաստանի և Ռումինիայի հավաքականները նախկինում հանդիպել են 5 անգամ: 4 հաղթանակ տարել են ռումինացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։