Վազգեն Թեւանյան. Եզրափակիչում հաղթանակս նվիրում եմ ամբողջ աշխարհի հայությանը (ֆոտո)

19:30   20 մարտի, 2021

Այդքան իմ հաղթանակով չեմ ուրախացել, որքան ադրբեջանցուն հաղթելուց հետո իմ հայրենակիցների այս մեծ ցնծությամբ: Հաղթանակս նվիրում եմ ամբողջ աշխարհի հայությանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուդապեշտից ասաց ազատ ոճի ըմբշամարտի 2020թ. աշխարհի գավաթակիր Վազգեն Թեւանյանը, որը հաղթեց եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում ու նվաճեց Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մարտի 18-19-ը տեղի ունեցած վարկանիշային մրցաշարի եզրափակիչում Թեւանյանը 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Հաջի Ալիևի նկատմամբ եւ նվաճեց չեմպիոնի կոչումը:

Եզրափակիչի ճանապարհին աշխարհի գավաթակիրը պարտության էր մատնել բուլղարացի Վլադիմիր Դուբովին (11:0), բելառուս Նիուրգուն Սկրիաբինին (7։5), Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, վրացի Վլադիմիր Խանչեգաշվիլիին (6:4) և Լեհաստանը ներկայացնող 33-ամյա Մոգամեդմուրադ Գաջիևին:

Վազգեն Թեւանյանի հաղթանակը մեծ ցնծության եւ ուրախության ալիք է բարձրացրել համացանցում: Հայ երկրպագուներին ավելի շատ ուրախացրել է ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ փառահեղ հաղթանակը, քան մրցաշարի հաղթող դառնալը:

Վազգեն, շնորհավորում եմ ուղեգիր նվաճելու եւ մրցաշարի հաղթող դառնալու կապակցությամբ: Բա՞րդ տրվեց ուղեգիրը:

Շատ լավ էինք պատրաստվել այս մրցաշարին, բարդ մարզումային փուլ էինք անցել եւ արդյունքն արդարացրեց բոլորիս աշխատանքը:

Շատ ուրախ եմ, որ կարողացա օլիմպիական ուղեգիր նվաճել: Եզրափակիչից առաջ, նախորդ օրն արդեն շատ ուրախ էի: Գիտեի, որ արդեն կար ուղեգիրը, լավ տրամադրությամբ եւ հույզերով, ավելի հանգիստ մոտեցա եզրափակիչին: Որոշեցի ավելի ազատ, վստահ գոտեմարտ անցկացնել ադրբեջանցու հետ: Սպասում էի, որ կհաղթեմ, քանի որ նախորդ օրվա օլիմպիական չեմպիոնի դեմ հաղթանակս ինձ ավելի էր ոգեւորել:

Կիսաեզրափակիչում, կարծես, մի փոքր լարված էիր, մրցավարական միջամտություն էլ եղավ, բայց դու բոլորից համառ գտնվեցիր...

Իսկապես բարդ էր ու թերեւս ամենալարվածն այս ամբողջ մրցաշարում: Նախ որոշիչ էր ուղեգրի համար, նաեւ բարդ էր մրցակցով պայմանավորված՝ Ռիոյի օլիմպիական չեմպիոնին պետք է հաղթեի: Լարվածությունը մեծ էր, մրցավարները փորձում էին միջամտել: Մի պահ եղավ, որ գորգի մրցավարը իրար հետեւից նկատողություն տվեց ինձ, որոնց տարբերությունը 15-20 վայրկյան էր: Այդպես չի լինում, բայց ես ուշադրություն չդարձրեցի: Կենտրոնացած էի իմ հաղթանակի եւ ուղեգրի համար պայքարի վրա:

Եզրափակիչը եւս լարված ստացվեց: Հոգեբանական առումով ինչպե՞ս էիր տրամադրված ադրբեջանցու հետ դիմակայությանը:

Եզրափակիչին մոտեցել էի այլ տրամաբանությամբ. ավելորդ լարվածությունից ազատվելու համար փորձել էի չկենտրոնանալ այն մտքի վրա, որ մրցակիցս ադրբեջանցի է: Պետք է կարողանանք փորձել չկենտրոնանալ, որովհետեւ դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ: Բայց, միեւնույն է, այդ լարվածությունը կա, պահպանվում է, մեծ է պատասխանատվության զգացումը. քեզ հետեւում է ամբողջ Հայաստանը եւ ուղղակի պետք է պարտության մատնել նրան:

Կիսաեզրափակիչում հաղթելուց հետո, երբ արդեն գիտեի, որ ուղեգիրը նվաճել եմ, միեւնույն է չհանգստացա, չկորցրեցի պահի զգոնությունը, քանի որ ինչպես կիսաեզրափակիչը, այնպես էլ եզրափակիչը կարեւոր գոտեմարտ էր լինելու ինձ համար: Գիտակցում էի նաեւ, որ կարեւոր է բոլորի համար: Թերեւս ավելի հանգիստ էի եզրափակիչում: Ազատ էի գոտեմարտում: Ստացվեց այնպես, ինչպես բոլորս ուզում էինք: Ոչ մի միավոր մրցակցին:

Եզրափակիչ գոտեմարտդ ցնցել է ամբողջ համացանցը, հայությանը... Հետեւ՞ել ես արձագանքներին:

Ես այդքան իմ հաղթանակով չեմ ուրախացել, որքան ադրբեջանցուն հաղթելուց հետո իմ հայրենակիցներից այս մեծ ցնծությամբ: Այո, հետեւում եմ բոլոր արձագանքներին, ինձ դուր է գալիս, թե ինչպես են բոլորն ուրախացել: Ավելի շատ եմ ոգեւորվում, երբ տեսնում եմ, թե հայ ազգն ինչպես է ուրախանում: Հաղթանակս նվիրում եմ հենց նրանց՝ իմ հայերնակիցներին, ամբողջ աշխարհի հայությանը:

Իսկ հաջող մրցելույթներիս, ուղեգիրը նվաճելու եւ մրցաշարը հաղթելու համար շնորհակալ եմ իմ անձնական մարզիչներին, հավաքականի մարզիչներին եւ բոլոր նրանց, որոնք հավատում են ինձ:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.