10:14 27 փետրվարի, 2021Ֆուտբոլի Հայաստանի Մ-17, Մ-19 ու երիտասարդական հավաքականների, Երևանի «Ուլիսի», «Ուրարտուի» (նախկին «Բանանց») և «Արարատի» նախկին կիսապաշտպան Օրբելի Համբարձումյանն այս մրցաշրջանի սկզբնամասում միացավ Չարենցավանի «Վանին», որի կազմը մարզչական փոփոխությունից հետո լքեց հունվարին: Հայաստանի ընթացիկ առաջնությունում Համբարձումյանը մեկ հանդիպման է մասնակցել «Վանի» կազմում: Հայաստան վերադառնալուց առաջ 24-ամյա ֆուտբոլիստը խաղում էր Ղրղզստանի առաջնությունում հանդես եկող «Աբդիշ-Ատա» ակումբում, որտեղ անցկացրել էր 9 ամիս:
«Վանից» հեռանալուց հետո Օրբելի Համբարձումյանը վերադարձել է Ղրղզստան և պայմանագիր կնքել «Նեֆթչի» ակումբի հետ:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ֆուտբոլիստը պատմեց Ղրղզստան վերադառնալու ու Հայաստանից հեռանալու պատճառների մասին:
Ո՞րն էր «Վանից» հեռանալու պատճառը և ինչու՞ որոշեցիր վերադառնալ Ղրղզստան:
Միանշանակ, քիչ խաղաժամանակ ստանալը: Կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր ընդգրկված էին թիմում, կհամաձայնեն, որ ես ավելիին էի արժանի: Վերադարձա Ղրղզստանի առաջնություն, քանի որ կային առաջարկներ, այստեղ ինձ ճանաչում են և ծանոթ են իմ խաղային որակներին: Նոր թիմիս առջև դրված են բարձր նպատակներ, ինչը, կարծում եմ, յուրաքանչյուր մրցունակ ֆուտբոլիստի համար ամենալուրջ մոտիվացիան է:
«Վանում» գրեթե խաղաժամանակ չստացար: Տեղափոխությունից առաջ գիտեի՞ր, որ կարող ես քիչ ունենալ խաղալու հնարավորություն:
Այո, գիտակցում էի, որ, հնարավոր է, ստանամ քիչ խաղաժամանակ, քանի որ թիմին միացա առաջնության ընթացքում, և կա անհրաժեշտություն ծանոթանալ թիմի խաղացողների որակներին ու ընդհանուր խաղաճին, թեև մարզչական կազմին ծանոթ էի և գիտեի նրանց պահանջների մասին: Բացի այդ, մոտ 2 տարի արտերկում հանդես գալուց հետո պետք էր հասկանալ առաջնության մակարդակի փոփոխությունը: Գտնվելով մարզումային գործընթացում ու մոտիկից հետևելով առաջնությանը՝ հասկացա, որ, միանշանակ, կարող եմ օգուտ տալ թիմին: Մարզիչի հետ զրուցեցի իմ՝ խաղաժամանակ չստանալու վերաբերյալ և հասկացա, որ ինձանից որևէ դժգոհություն չունեն, սակայն միակ պատճառն այն էր, որ թիմին միացա ֆորսմաժորային իրավիճակում, ինչի պատճառով հնարավորություն չունեցան ինձ տեսնել ստուգողական խաղերում: Միանշանակ, հարգում եմ մարզիչի որոշումը, բայց միաժամանակ մտածում եմ, որ 2 ամիս լինելով ակումբում, մասնակցելով մարզումային գործընթացին, արժանի էի ստանալ հնարավորություն: Ցավով պետք է նշեմ, որ այդ ժամանակահատվածում Հայաստան վերադառնալը սխալ որոշում էր, բայց ինչևիցե:
«Վանում» լեգեոնականների պակաս չէր զգացվում: Արդյո՞ք նրանք այն խաղամակարդակի խաղացողներ էին, որոնց հետ պայքարում տեղացի ֆուտբոլիստները զիջում էին:
«Վանում» կային լեգեոնականներ, որոնք հետաքրքրացնում էին առաջնությունը, բայց, միանշանակ, կային նաև այնպիսի խաղացողներ, որոնք ոչ միայն ուժեղ չէին հայ ֆուտբոլիստներից, այլև զիջում էին նրանց, բայց ստանում էին ավելի շատ խաղաժամանակ: Յուրաքանչյուր մարզիչ յուրովի է մոտենում ֆուտբոլիստների ընտրությանը, բայց պետք է գնահատել ունեցածը: Մենք ունենք շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք նույն թիմում ավելի շատ խաղաժամանակ են ստանում արտասահմանցի մասնագետների օրոք, քան հայ մարզիչների դեպքում: Օրինակները շատ են:

Հայաստանում մնալու ցանկությո՞ւն չունեիր, թե չկային լավ առաջարկներ:
Ճիշտն ասած, այդպիսի հիասթափությունից հետո նախընտրեցի կարիերան շարունակելու այս տարբերակը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է լինի այնտեղ, որտեղ իրեն գնահատում են: Իհարկե, տանը խաղալը հարմար է բոլոր գործոններով, բայց դրսում պահանջներն այլ են: Եթե արտասահմանցի ես, պետք է ամեն ինչ անես՝ ապացուցելու համար, որ արժանի ես խաղալ թիմում: Ցավոք, Հայաստանում դեռ ոչ բոլորն են այդպես ընտրում լեգեոնականների:
Նոր ակումբդ ի՞նչ ամբիցիաներով թիմ է, և ինչի համար է պայքարելու նոր մրցաշրջանում:
Նախորդ տարի թիմը գրավել է երրորդ տեղը, իսկ այս տարի մոտ 70 տոկոսով թարմացրել է ինչպես ֆուտբոլիստների կազմը, այնպես էլ մարզչական: Ակումբի առջև դրվել է Ասիայի Չեմպիոնների լիգային մասնակցելու խնդիր, ինչը հնարավոր է միայն չեմպիոնի տիտղոսը նվաճելու կամ գավաթի խաղարկությունում հաղթելու շնորհիվ:
Ղրղզստանի առաջնությունում հայ ֆուտբոլիստ տեսնելը հազվադեպ երևույթ է: Տեղի երկրպագուներն ինչպե՞ս են ընդունում քեզ:
Այնպես է ստացվել, որ ես առաջինն եմ, բայց կարող եմ ասել, որ կա հետաքրքրություն հայ խաղացողների նկատմամբ: Հաճելիորեն զարմացած եմ իմ հանդեպ ջերմ վերաբերմունքից: Ինձ դեռ հիշում են այստեղ և ցավում, որ խաղալու եմ իմ նախկին թիմի դեմ: Մինչև հիմա լավ հարաբերությունների մեջ եմ նախորդ թիմիս սեփականատիրոջ ու երկրպագուների հետ:

Նախորդ տարի, երբ հեռանում էիր Ղրղզստանից, երկրում լարված վիճակ էր և տեղի ունեցավ հեղափոխություն: Հիմա ի՞նչ իրավիճակ է այդտեղ: Հեղափոխությունն անդրադարձե՞լ է ֆուտբոլային կյանքի վրա:
Դա առաջին դեպքը չէր, երբ երկրի բնակչությունը ոտքի է կանգնում: 2010 թվականին ևս եղել է հեղափոխություն, և ժողովուրդը կարողանում է հայտնել իր կարծիքը: Նույնը նաև ֆուտբոլի բնագավառում. ֆուտբոլիստները կարողանում են համախմբվել և ակումբի ղեկավարությանը հայտնել որոշ հարցերում իրենց անհամաձայնության մասին:
Դավիթ Եղիազարյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.