Վահան Ադիլխանյան. Ափսոսում եմ Արթուր Հովհաննիսյանի համար, մի օր բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար (ֆոտո)

09:40   17 փետրվարի, 2021

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ պատրաստվում է Ստրանջայի միջազգային մրցաշարին, որը տեղի է ունենալու փետրվարի 21-28-ը Սոֆիայում: Օլիմպիական տարվա առաջին ստուգատեսին թիմը մասնակցում է 10 մարզիկներով, առանց առաջատարի՝ Հովհաննես Բաչկովի: Կրկնակի Եվրոպայի չեմպիոնն էլ պատրաստվում է փետրվարի 27-ին Ալմաթիում տեղի ունենալիք պրոֆեսիոնալ մենամարտին: Չնայած Բաչկովը չի մասնակցելու Ստրանջայի մրցաշարին, բայց մարզվում է հավաքականի հետ Վահան Ադիլխանյանի եւ անձնական մարզիչի հսկողությամբ:

NEWS.am Sport-ը հետեւեց հավաքականի վերջին մարզումային օրվան Սոֆիա մեկնելուց առաջ:

Պարոն Ադիլխանյան, ինչպե՞ս եք ընտրել կազմը եւ թիմն ի՞նչ մարզավիճակում է մոտենում մրցաշարին:

Ստրանջայի մրցաշարի համար կազմն ընտրել եմ Հայաստանի առաջնության արդյունքներով: Ընդգրկվել են լավագույնները, միայն Հովհաննես Բաչկովը չի մասնակցի. նա պատրաստվում է պրոֆեսիոնալ մենամարտի: Մնացած տղաները Հայաստանի չեմպիոններն են: Կմասնակցենք 10 բռնցքամարտիկով՝ Արթուր Հովհաննիսյան (52 կգ),  նորեկ Արթուր Ղազարյան (57 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63 կգ), Արսեն Գրիգորյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (81 կգ), Հենրիկ Սարգսյան (91 կգ), գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան, Անուշ Գրիգորյան (51 կգ) եւ Անի Հովսեփյան (69 կգ):

Տղաներն իրենց լավ են զգում: Սա մեր երկրորդ ուսումնամարզական հավաքն է Ծաղկաձորից հետո: Մեկնում ենք փետրվարի 19-ին: Կարծում եմ՝ տղաներն իրենց լավ կդրսեւորեն:

Պատրաստվում եք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: Ովքե՞ր կստանան օլիմպիական ուղեգրերի համար պայքարելու հնարավորություն:  Սրանջայի մցաշարը որքանո՞վ կնսպատի դրան:

Ստրանջան շատ ուժեղ մրցաշար է: Այնտեղ մենամարտեր հաղթելն ու մեդալ նվաճելն արդեն հաջողություն կհամարվի: Բոլոր մայրցամաքներից մասնակցում են մրցաշարին, Կուբան, ԱՄՆ-ն մասնակցում են: Մրցակցություն մեծ է: Երբեմն Ստրանջայի մրցաշարում հաջող մասնակցությունը Եվրոպայի, աշխարհի առաջնություններում հանդես գալու եւ լավ մասնակցություն ունենալու հնարավորություն է:

Ինչ վերաբերում է վարկանիշային մրցաշարերին, դեռ որեւէ հստակություն չկա այս մասով: Դեռ չգիտենք, օրինակ՝ Լոնդոնի վարկանիշային մրցաշարը կշարունակվի, թե նորը կանցկացվի: Այդ պատճառով չեմ կարող այս պահին կանխատեսումներ անել, ասել, թե ովքեր հնարավորություն կստանա պայքարել օլիմպիական ուղեգրերի համար: Կսպասենք ԱԻԲԱ-ի կանոնակարգին:

Հովհաննես Բաչկովն օլիմպիական հույսերից մեկն է: Ի՞նչ փուլերով կպատրաստվի վարկանային մրցաշարերին:

Հովհաննես Բաչկովը լիարժեք մարզվում է հավաքականի հետ: Նույնիսկ պրոֆեսիոնալ մենամարտի համար նա պատրաստվում է մեզ հետ: Այդպես կշարունակվի նաեւ վարկանիշային մրցաշարերի նախապատրաստական փուլում:

Օլիմպիական ուղեգիր նվաճելու մեծ հույսեր ունենք Բաչկովից: Մեր մյուս տղաները նույնպես հույսեր են ներշնչում:

52 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանն արդեն նվաճել է ուղեգիր: Արթուր Հովհաննիսյանը ուղեգիր նվաճելու ի՞նչ հնարավորություններ ունի, թե՞ այլեւս չունի:

Այս խնդիրը մենք արդեն երկար ժամանակ ունենք: Բացառիկ դեպքերից մեկն է երբ Եվրոպական խաղերի չեմպիոնին, մեր պարագայում՝ Եվրոպայի չեմպիոնին նստեցրել են պահեստայինների նստարանին: Մարդ պետք է մեղքի զգացում ունենա: Մի օր բոլորն էլ պատասխան են տալու իրենց արարքների համար: Մեր օլիմպիական հույսերից մեկը, օլիմպիական մեդալ նվաճելու հույսերից մեկը նաեւ Արթուր Հովհաննիսյանն էր: Այդ հույսն արդեն չնչին է մնացել։

Օլիմպիական թիմը պետք է ձեւավորեր ՀԱՕԿ-ը եւ նորաստեղծ ֆեդերացիան որոշել էր, որ Արթուր Հովհաննիսյանի փոխարեն վարկանային մրցաշարին պետք է մասնակցի Կորյուն Սողոմոնյանը: Այո, նա վարկանիշ է ձեռք բերել, հաջողություն եմ մաղթում Խաղերում: Միայն թե՝ շատ ափսոսում եմ Արթուր Հովհաննիսյանին, որն իրականում շատ ուժեղ է եւ, ըստ ԱԻԲԱ-ի ցուցակի, թիվ մեկ բռնցքամարտիկն է իր քաշային կարգում: Թե այս քաշային կարգում ինչ արդյունք ցույց կտա Կորյուն Սողոմոնյանը, ցույց կտա Տոկիոն:  

Ամեն դեպքում Սողոմոնյանը չի մարզվում հավաքականի հետ...

Բոլորը պետք է մարզվեն հավաքական թիմում՝ անկախ նրանից ունեն վարկանիշ, թե ոչ: Նույն ինքը՝ Կորյուն Սողոմոնյանը եւ մյուս տղաները, պետք է մարզվեն հավաքականի հետ: Ես չեմ ցանկանում առանձնացնել տղաներին,  բոլորն էլ հավաքականի անդամներ են: Պետք է համախմբվել, աշխատել մարզվել հավաքական թիմում ու ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։