Արմեն Նազարյան. Ինձ դուր է գալիս Հայաստանի հավաքականի միասնականությունը

11:08   12 փետրվարի, 2021

Շատ եմ կարեւորում արդեն ավադույթ դարձած մեր համաեղ հավաքները Հայաստանի թիմի հետ: Առաջիկա երկու շաբաթը Բուլղարիայի հավաքականի 16 ըմբիշներ իմ գլխավորությամբ կմարզվեն Հայաստանի հավաքականի հետ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց կրկնակի օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:

Բուլղարիայի հավաքականը Արմեն Նազարյանի գլխավորությամբ փետրվարի 11-ից Հայաստանի հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք է սկսել Երեւանի «Օլիմպավանում»: Կրկնակի օլիմպիական չեմպիոնի թիմի կազմում Հայաստանում է նաեւ նրա որդին՝ Եվրոպայի չեմպիոն Էդմոնդ Նազարյանը:

«Արդեն ավանդույթ է դարձել տարեսկզբում համատեղ հավաք անցկացնել Հայաստանի հավաքականի հետ: Մեզ համար շատ կարեւոր են այս համատեղ մարզումները օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների հետ: Իմ թիմի տղաների համար սա մեծ մոտիվացիա է: Ինձ դուր է գալիս Հայաստանի հավաքականում առկա միասնականությունը, տղաների համատեղ աշխատանքը: Ես Հայաստան եմ ժամանել մի քանի օր առաջ, թիմին դիմավորեցի նախորդ գիշեր: Հավաքը կտեւի մինչեւ փետրվարի 24-ը, ապա այստեղից Հայաստանի թիմի հետ միասին կմեկնենք Կիեւ՝ միջազգային մրցաշարի: Դրանից հետո արդեն կնախապատրաստվենք Հունգարիայում մարտի 18-26-ը նախատեսված օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Հայաստանում ես եւ իմ թիմը միշտ շատ ջերմ ընդունելության ենք արժանանում, արդյունավետ մարզումներ ունենում եւ հրաշալի ժամանակ անցկացնում: Եթե մի օր էլ Հայաստանի թիմը հավաքի մեկնի Բուլղարիա, նույն մեծ ջերմությամբ նրանց կընդունենք: Փետրվարի 9-ին այցելեցի Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ հանդիպում ունեցա քոլեջի տնօրեն Վաղինակ Գալստյանի հետ: Քննարկեցինք մեր հետագա համագործակցությունը»,- ասաց Արմեն Նազարյանը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի եւ Բուլղարիայի հավաքականները նախապատրաստվում են փետրվարի 24-28-ը Կիեւում կայանալիք միջազգային մրցաշարին:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։