«Յուվենտուսը» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով

16:14   8 փետրվարի, 2021

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»:

Calciomercatonews-ի համաձայն՝ Իտալիայի չեմպիոնը հետաքրքրված է 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և հետևում է նրա շուրջ ստեղծված իրավիճակին: «Յուվենտուսում» սպասում են Մխիթարյանի որոշմանը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանը չի շտապում երկարաձգել «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: «Ռոման» ցանկանում է նոր պայմանագիր կնքել հայ կիսապաշտպանի հետ, սակայն այդ հարցում կարող է կարևոր դերակատարում ունենալ նրա գործակալ Մինո Ռայոլան: Առաջիկայում Ռայոլան կհանդիպի «Ռոմայի» ղեկավարության հետ, որպեսզի քննարկի Մխիթարյանի ապագայի հարցն ու նոր պայմանագրի պայմանները:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 20 խաղի և դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):

Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին (Պանամայի հետ ընկերական խաղում՝ 1:1): Հայաստանի հավաքականում նա անցկացրել է 88 հանդիպում և 30 գոլով ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է: Վերջերս կիսապաշտպանը ռեկորդային՝ 10-րդ անգամ ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.