Ռոման Աբրամովիչ. Շատ բարդ որոշում էր «Չելսիի» համար

23:12   25 հունվարի, 2021

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն անդրադարձել է Ֆրենկ Լեմպարդի հեռացմանը գլխավոր մարզիչի պաշտոնից:

«Դա շատ բարդ որոշում էր ակումբի համար, քանի որ անձամբ ես հրաշալի հարաբերություններ ունեմ Ֆրենկի հետ և մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան: Նա շատ պարկեշտ մարդ է՝ գործի հանդեպ ճիշտ վերաբերմունքով: Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում մենք կարծում ենք, որ լավագույն լուծումը կլինի մարզիչի փոփոխությունը: Իմ, ղեկավարության ու ակումբի ամբողջ անձնակազմի անունից ցանկանում եմ Ֆրենկին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար ու լավագույնը մաղթել ապագայում: Նա նշանակալի կերպար է այս հրաշալի ակումբի համար, այդ պատճառով նրա կարգավիճակն այստեղ կմնա անսասան: Նրան միշտ ջերմորեն կընդունեն «Ստեմֆորդ Բրիջում»»,- Աբրամովիչի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 42-ամյա անգլիացի մասնագետը 2019 թվականի ամառվանից էր աշխատում «Չելսիում», որը Պրեմիեր լիգայի 19-րդ տուրից հետո 29 միավորով 9-րդ տեղում է: Դրանից առաջ նա գլխավորում էր անգլիական «Դերբի Քաունթին»: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Լեմպարդը «Չելսիում» խաղացել է 2001-2014-ը:

«Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում Լեմպարդն անցկացրել է 84 հանդիպում, տարել 44 հաղթանակ, կրել 23 պարտություն ու գրանցել 17 ոչ ոքի:

Բրիտանական մամուլի համաձայն՝ Լեմպարդին փոխարինելու գլխավոր թեկնածուն է գերմանացի Թոմաս Տուխելը, որը դեկտեմբերին ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո աշխատանք չունի: Սպասվում է, որ Տուխելը «Չելսիի» հետ կկնքի մինչև 2022-ի ամառ նախատեսված պայմանագիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։