Պաշտոնական. «Չելսին» հեռացրեց Լեմպարդին

16:01   25 հունվարի, 2021

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Սա շատ բարդ որոշում էր, որը սեփականատերն ու ակումբի ղեկավարությունը հեշտ չընդունեցին: Շնորհակալ ենք Ֆրենկին այն ամենի համար, ինչին նա հասավ գլխավոր մարզիչի պաշտոնում: Սակայն վերջին արդյունքներն ու ելույթները չարդարացրին ակումբի սպասելիքները:

Չկա համապատասխան ժամանակ, որպեսզի բաժանվես ակումբի լեգենդից, ինչպիսին Ֆրենկն է: Սակայն երկարատև քննարկումներից հետո ընդունվեց փոփոխություններ կատարելու որոշում, որպեսզի ժամանակ լինի այս մրցաշրջանում թիմի խաղն ու արդյունքները բարելավելու համար»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

«Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում Լեմպարդն անցկացրել է 84 հանդիպում, տարել 44 հաղթանակ, կրել 23 պարտություն ու գրանցել 17 ոչ ոքի:

42-ամյա անգլիացի մասնագետը 2019 թվականի ամառվանից էր աշխատում «Չելսիում», որը Պրեմիեր լիգայի 19-րդ տուրից հետո 29 միավորով 9-րդ տեղում է: Դրանից առաջ նա գլխավորում էր անգլիական «Դերբի Քաունթին»: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Լեմպարդը «Չելսիում» խաղացել է 2001-2014-ը:

Հունվարի 24-ին «Չելսին» Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում 3։1 հաշվով հաղթել էր «Լուտոն Թաունին» և դուրս եկել հաջորդ փուլ:

Բրիտանական մամուլի համաձայն՝ Լեմպարդին փոխարինելու գլխավոր թեկնածուն է գերմանացի Թոմաս Տուխելը, որը դեկտեմբերին ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո աշխատանք չունի: Սպասվում է, որ Տուխելը «Չելսիի» հետ կկնքի մինչև 2022-ի ամառ նախատեսված պայմանագիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։