«Դինամոյի» մարզիչ. Արսեն Զախարյանը ցուցադրեց լավ խաղ

17:46   25 հունվարի, 2021

Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցն անդրադարձել է երիտասարդական թիմի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղին ստուգողական հանդիպումներում: Այս օրերին 17-ամյա ֆուտբոլիստը դինամոյականների գլխավոր թիմի հետ հավաքի է մասնակցում թուրքական Բելեկում:

«Եթե «Դինամոյի» երկրպագուները գոհ են նրա խաղից, ապա ինչպես ես կարող եմ դժգոհ լինել (ծիծաղում է): Եթե լուրջ, ապա մենք ուրախ ենք, որ մեր թիմում կա այդպիսի խաղացող: Թիմի հետ անցկացրած 2 մարզումային շաբաթների ընթացքում նա ցուցադրել է լավ խաղ: Արսենը խաղացող է, որն ունի ֆուտբոլային ինտելեկտ և նա շատ լավ է շարժվում խաղադաշտում: Սակայն նա դեռ շատ երիտասարդ է և պետք է շարունակի նույն ինտենսիվությամբ մարզվել, որպեսզի բարելավի իր խաղը, ստեղծի ավելի շատ պահեր ու օգուտ բերի թիմին: Երիտասարդ խաղացողների համար կարևոր է չբավարարվել ձեռք բերածով, շարունակել ջանասիրաբար աշխատել, որպեսզի հնարավոր լինի հասնել ավելի մեծ հաջողությունների, իսկ մենք կօգնենք այդ հարցում»,- մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Արսեն Զախարյանը հայտավորել է «Դինամոյի» գլխավոր թիմի խաղերին, սակայն դեռ խաղաժամանակ չի ստացել: «Դիմանոյի» երիտասարդական թիմի կազմում նա մասնակցել է ընթացիկ մրցաշրջանի 15 խաղերի, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 500 հազար եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։