Մոուրինյոն բացատրել է, թե ինչու է քիչ խաղում Բեյլը

19:48   25 հունվարի, 2021

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալից» վերադարձած ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլն ավելի շատ խաղային րոպեներ անցկացնելուն պետք է արժանանա լավ մարզումներով: «Տոտենհեմ» վերադառնալուց հետո Բեյլը մասնակցել է Պրեմիեր լիգայի 4 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ: 

«Ես չեմ կարող հենց այնպես խաղաժամանակ տրամադրել խաղացողներին: Բոլորս գիտենք, որ վերջին մի քանի մրցաշրջաններում Բեյլն ունեցել է խնդիրներ: Այժմ նրա համար ամենակարևորը կայուն ու որակյալ մարզումներ անցկացնելն է: Երբ նա կանոնավոր կերպով մարզվում է, պատրաստ է լինում խաղերին: Այդպես նա խաղային րոպեներ է վաստակում դաշտում:

Կա նաև վստահության հարց: Նա կխաղա, եթե զգա, որ անցկացրել է արդյունավետ մարզումների շաբաթ»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ լոնդոնցիները սեպտեմբերին մեկ տարով էին վարձակալել 31-ամյա ուելսցուն: Բեյլը «Տոտենհեմից» «Ռեալ» 2013-ի ամռանը տեղափոխվել էր 101 միլիոն եվրոյի դիմաց: Արքայական ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։