Ճապոնիայի իշխանությունները հերքել են, որ կայացվել է Օլիմպիական խաղերը հետաձգելու որոշում

10:25   22 հունվարի, 2021

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Մանաբու Սակաին հերքել է լուրերը, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը չեղյալ են հայտարարվել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ավելի վաղ The Times-ը գրել էր, որ Ճապոնիայի կառավարությունը որոշել է չեղարկել Օլիմպիական խաղերը և փնտրում է այդ մասին հայտարարելու ուղիներ:

«Մեր երկրի կառավարությունն Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը սկսել է հուլիսի 23-ից, այդ ծրագիրը հաստատել է ՄՕԿ-ը: Բոլորը քրտնաջան աշխատում են այդ ուղղությամբ: Իհարկե, աշխարհում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մի օր պետք է կայացնել վերջնական որոշում: Սակայն մինչև այդ Ճապոնիայի կառավարությունը ինչպես հարկն է կպատրաստվի Օլիմպիական խաղերի անցկացմանը»,- Մանաբու Սակաիի խոսքը մեջբերում է The Mainichi-ն:

The Times-ը հայտնել է նաև, որ Օլիմպիական խաղերի չեղարկումից հետո Տոկիոն կպահպանի 2032թ. Խաղերն անցկացնելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս պահին Հայաստանն ունի 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։