Հաշմանդամային սպորտին հատկացվող գումարը եռապատկվել է

14:10   20 հունվարի, 2021

2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը մի քանի անգամ ավելացել է: 2020 թվականին ադապտիվ սպորտին հատկացվել էր շուրջ 29 միլիոն դրամ, իսկ այս տարի աջակցության գումարն ավելի քան եռապատկվել է և կազմելու է շուրջ 104 միլիոն դրամ, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Ավելացել է նաև շահառու կազմակերպությունների թիվը. մինչև 2020 թվականը ներառյալ պետական աջակցություն է տրամադրվել հաշմանդամային սպորտի զարգացման խնդիրներով զբաղվող 4 մարզական հասարակական կազմակերպությունների («Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայաստանի կույրերի միավորում», «Հայկական հատուկ օլիմպիադաներ»), իսկ 2021 թվականին աջակցություն ստացող կազմակերպությունների թիվն ավելացել է երեքով: Այս տարի աջակցություն են ստանալու նաև Հայաստանի անվասայլակով բասկետբոլի, Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական և Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաները:

2021 թվականին ավելանալու են նաև պետական աջակցության շրջանակում անցկացվող ՀՀ առաջնությունների, միջազգային մրցաշարերի և մասնակիցների թիվը, մարզաձևերի քանակը: Բացի խուլերի ըմբշամարտ, շախմատ, ֆուտզալ, կույրերի շախմատ մարզաձևերից՝ հաշմանդամություն ունեցող մարզիկները կմասնակցեն նաև պաուերլիֆթինգ, պարականոե, անվասայլակով բասկետբոլ, հաշմանդամային սեղանի թենիս, պարաաթլետիկա, հաշմանդամային բազկամարտ, սեղմում հենարանից մարզաձևերից անցկացվող մրցումներին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այս տարի նախատեսում է իրականացնել «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը, որի կանոնակարգը հաստատվել է նախարար Վահրամ Դումանյանի՝ 11 հունվարի 2021 թ. 11-Ա/2 հրամանով:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին կարող են մասնակցել հաշմանդամություն ունեցող անձանց (հայրը կամ մայրը տեղաշարժվում են սայլակով) ընտանիքները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։