Կումանն աջակցել է կարմիր քարտ ստացած Մեսիին

10:50   18 հունվարի, 2021

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում Բիլբաոյի «Աթլետիկից» 2:3 հաշվով կրած պարտությունն ու անդրադարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հեռացմանը:

«Մենք հուսահաստված ու հիասթափված ենք այս արդյունքով: Խաղում էինք հաղթանակի համար: Սակայն հիմա ապրումների ժամանակը չէ, առջևում ունենք Լա Լիգայի ու Իսպանիայի գավաթի հանդիպումներ: Պետք է բարելավենք մեր խաղը պաշտպանությունում: Կարող ենք ավելի վստահ գործել մեր տուգանային հրապարակում: Ես կատարում եմ իմ աշխատանքը և ներդնում այն ամենը, ինչ կարող եմ: Մենք ամեն ինչ արեցինք եզրափակիչում հաղթելու համար: Թիմը լավ խաղաց, բայց գոլ բաց թողեց վերջին րոպեներին: Շատ խաղացողների համար եզրափակիչում խաղալը փորձ է: Մենք բալեր ենք հավաքում հանուն ապագայի:

Ինչ վերաբերում է Մեսիին, ապա խաղից առաջ նա ինձ ասաց, որ կարող է դուրս գալ խաղադաշտ: Հեռացման մասին կասեմ, որ ես հասկանում եմ Լեոյին: Նույնիսկ չեմ պատկերացնում, թե քանի անգամ են խախտել կանոնները նրա դեմ պայքարում»,- Կումանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ դա 33-ամյա Մեսիի կարիերայի առաջին կարմիր քարտն էր «Բարսելոնայի» գլխավոր թիմում անցկացրած 753 խաղերում:

«Բարսելոնայի» նկատմամբ լրացուցիչ ժամանակում հաղթանակի շնորհիվ «Աթլետիկը» պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։