Դավիթ Խիթարյանն ընտրվեց ՀՖԿՍՊԻ ռեկտոր (ֆոտո)

18:04   11 հունվարի, 2021

Դավիթ Խիթարյանն ընտրվեց Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր։ Այս մասին փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

Հունվարի 11-ի ն ՀՖԿՍՊԻ-ում տեղի ունեցավ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ռեկտորի ընտրությունն էր:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին Դավիթ Խիթարյանը ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում ընտրվել էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակար: Ժամանակավոր պաշտոնավարման ժամկետը լրացել է:

Հունվարի 11-ին տեղի ունեգած ընտրությունում ռեկտորի պաշտոնի համար առաջադրված էին 3 թեկնածուներ՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը, ՀՖԿՍՊԻ պրոռեկտոր, Դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը  եւ Հայ-ռուսական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության եւ առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ, սպորտի նախկին նախարար Արմեն Գրիգորյանը:

Ընտրության օրը Արմեն Գրիգորյանը ինքնաբացարկ էր ներկայացրել։

Հոգաբարձուների նիստն ընթացավ դռնբաց։

Երկու թեկնածուները ներկայացրեցին բուհի ռազմավարության իրենց ծրագրերն ու զարգացման տեսլականը, որից հետո տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի անդամների հետ հարց ու պատասխան։

Նիստին ներկա էր Հայաստանի վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որը նախքան քվեարկության մեկնարկը կառավարության եւ իր աջակցությունը հայտնեց Դավիթ Խիթարյանի թեկնածությանը։

Հոգաբարձուների 24 անդամներից քվեարկությանը մասնակցեց 23-ը. խորհրդի անդամներից մեկը չմասնակցեց նիստին՝ երկրից բացակայելու պատճառով։ Քվեարկության արդյունքներով  ձայների մեծամասնությամբ՝ 15 ձայն, ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դավիթ Խիթարյանը: Գագիկ Սարգսյանը հավաքեց 8 ձայն։

Դավիթ Խիթարյանն ընտրվեց 5 տարի ժամկետով։

Դավիթ Խիթարյանը ծնվել է 1970 թվականի փետրվարի 20-ին Երեւանում:

1991-1996 թթ. աշխատել է Խորհրդային շրջանի ժողկրթբաժնի թիվ 2 մարզադպրոցում որպես մարզիչ:

1992-2005 թթ. Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի «Ձյուդոյի տեսություն եւ մեթոդիկա» առարկայի դադախոս, 1998-ին աշխատելէ օլիմպիական պատրաստության կենտրոնում, որպես ձյուդոյի մարզիչ, 1999-ին ազգային հավաքականների կենտրոնում, որպես մարզիչ: 1999-2006 թթ-ին եղել է Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մազադպրոցի մարզիչ: 2006 թվականին նշանակվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 1 մարզադպրոցի տնօրեն:

2004-2019 թվականին  աշխատել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում որպես  ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնի վարիչ:

Ունի ձյուդոյի սեւ գոտի 5-րդ դան որակավորում, ձյուդոյի միջազգային, ապա նաեւ օլիմպիական կարգի մրցավար է, Հայաստանի վաստակավո մարզիչ:

2019 թվականի սեպտեմբերի 2-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 30-ը եղել է ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Ամուսնացած է, ունի երկու որդի: Անկուսակցական է:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։