Պույոլ. «Ռեալի» երկրպագուների համար բարդ է խոստովանել, որ Մեսին լավագույնն է

15:15   23 դեկտեմբերի, 2020

«Բարսելոնայի» լեգենդար ավագ Կարլես Պույոլը գովեստի խոսքեր է ասել կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հասցեին:

«Եթե ինձ հարցնեք, թե ով է Մայքլ Ջորդանը, ես կասեմ, որ նա պատմության լավագույն բասկետբոլիստն է: Կարծում եմ՝ Մեսին կունենա նույն կարգավիճակը՝ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ:

Ջորդանի վերաբերյալ ևս քննարկումները շատ են, թե արդյոք նա լավագույնն է պատմության մեջ: Կան տարբեր կարծիքներ, երբեմն բարդ է լինել օբյեկտիվ: «Ռեալի» երկրպագուների համար բարդ է խոստովանել, որ Մեսին լավագույնն է: Մեր բախտը բերել է, որ ունենք Մեսիին: Եթե նույնիսկ մի կողմ դնենք իմ՝ որպես «Բարսելոնայի» երկրպագու հույզերը, կան վիճակագրություն ու թվեր, որոնք փաստում են, որ նա լավագույնն է»,- Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Մեսին սահմանել էր պատմական ռեկորդ: Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում (3։0) գրավելով «Վալյադոլիդի» դարպասը՝ 33-ամյա հարձակվողը 644-րդ գոլն էր խփել «Բարսելոնայում» և մեկ ակումբում խփած գոլերի քանակով գերազանցել բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի ռեկորդը։ Պելեն 1956-1974-ին բրազիլական «Սանտոսի» կազմում դարձել է 643 գոլի հեղինակ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.