09:11 22 դեկտեմբերի, 2020Ռուսական «Տամբովի» խաղացող Ալեքսանդր Կարապետյանը վերջին տարիներին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հարձակվողն է և նրա՝ մեկնարկային կազմում հայտնվելը գրեթե կասկածի տեղիք չի տալիս:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 32-ամյա ֆուտբոլիստն ամփոփել է ավարտին մոտեցող տարին ու խոսել տարբեր թեմաներից:
«Ֆուտբոլային առումով ծանր տարի ստացվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ինձ համար ևս բարդ տարի էր, քանի որ «Տամբովին» միանալուց հետո նախապատրաստական փուլ գրեթե չունեցա և մեկ շաբաթ անց արդեն հանդիպում ունեինք «Ռոստովի» հետ: Նույնիսկ չկարողացա հանգստանալ նոր մրցաշրջանից առաջ: Կարծում եմ՝ բարդ տարի էր բոլոր ֆուտբոլիստների համար»,- նշեց ֆուտբոլիստը:
Ազգերի լիգայի C դիվիզիոնում հաջողությունը Ալեքսանդր Կարապետյանը կապում է մի քանի գործոնների հետ:
«Առաջին տեղ գրավելն, անձամբ ինձ համար, կյանքիս ամենամեծ նվաճումներից մեկն էր: Շատ էի ուրախացել, որ այդպիսի ծանր ժամանակահատվածում կարողացանք հասնել հաջողությանը: Հայաստանի հավաքականի հաջողությանը նպաստեց նաև Ռուսաստանում լեգեոնականների լիմիտի օրենքի փոփոխությունը, քանի որ այնտեղ հանդես եկող մի քանի կարևոր խաղացողներ կարողացան միանալ թիմին: Բայրամյանը, Կորյանն ու Յուրչենկոն ուժեղացրին մեր թիմը: Վնասվածքի պատճառով Խորենը բաց թողեց մի քանի հանդիպում, սակայն նա շատ կարևոր էր կոլեկտիվի համար: Հայաստանի հավաքականն ավելի լավն է դարձել որպես կոլեկտիվ, ինչը ևս շատ կարևոր է: Մենք շատ համախմբված թիմ ենք խաղադաշտում, այլ ոչ թե անհատական խաղացողներ:
Այս հաջողությունում շատ կարևոր էր նաև մարզիչի գործոնը: Նա չէր վախենում՝ անկախ մրցակցից, մենք միշտ խաղում էինք բարձր պրեսինգով ու հարձակողական ֆուտբոլ: Նա երբեք չէր մտածում 0:0 հաշվի մասին, այլ միշտ ձգտում էր, որ մենք առաջինը գոլ խփենք: Կապառոսի ներկայությունը և նրա փորձը նաև վստահություն էր տալիս մեզ: Նրա օգնականները ևս արդյունավետ աշխատանք կատարեցին:
Պատերազմի օրերին մենք խաղադաշտում արեցինք հնարավոր ամեն բան: Հոգեբանական առումով բոլորիս մոտ ծանր վիճակ էր, սակայն դա նաև ուժ տվեց մեզ: Հասկանում էինք, որ բոլորը դիտում են այդ խաղը, և ցանկանում էինք ուրախության փոքր առիթ տալ մեր ազգին»,- նշեց Ալեքսանդր Կարապետյանը:

Կարապետյանը պատմեց, թե ինչն է իրեն ամենաշատը տպավորել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ աշխատանքում:
«Ինձ զարմացրեց մարզիչի հանգստությունը: Ի՞նչ հաշիվ էր, ո՞ր ֆուտբոլիստները չէին միացել հավաքական. մարզչական շտաբն այնպիսի հանգստությամբ էր վերաբերվում այդ ամենին, կարծես ամեն բան կարգին է, և ոչ մի անհանգստություն չկա: Հիշում եմ, երբ Հենրիխ Մխիթարյանը չէր միացել հավաքականին, շատերի մոտ կար անհանգստություն, իսկ մարզիչների համար միևնույն էր, թե ով է խաղադաշտում: Դա շատ մեծ վստահություն էր տալիս մեզ: Այդ ամենը շատ զարմացրեց ինձ: Ինքս՝ որպես խաղացող, շատ էի մտածում, երբ թիմի առաջատարները բացակայում էին, իսկ մարզչական շտաբը պահպանում էր հանգստությունը: Եթե ես նույնպես դառնամ մարզիչ, ապա կփորձեմ լինել այդպիսին և չցուցադրել էմոցիաներս: Սակայն, դա չի նշանակում, որ նա էմոցիոնալ մարզիչ չէ: Կապառոսը երբեմն բղավում է մարզումներին, որպեսզի բոլորն «արթնանան»: Այնուամենայնիվ, բացասական հույզեր նա չի փոխանցել մեզ»,- նշեց հարձակվողը:
Չնայած Հայաստանի հավաքականի կենտրոնական հարձակվողի դիրքում մրցակցության պակասին՝ Կարապետյանը մոտիվացիայի պակաս չունի, քանի որ ազգային թիմում խաղալն ավտոմատ կերպով ապահովում է դա:
«Հավաքականում խաղալու համար մոտիվացիայի պակաս երբևէ չի լինում: Երբ դու խաղում ես քո հայրենիքի համար, դա միշտ յուրահատուկ ինչ-որ բան է: Կարծում եմ՝ դու բոլորից լավ գիտես, թե ինչ ճանապարհ եմ անցել ես: Սկզբում հրավիրվեցի հավաքական, հետո երկար ժամանակ ինձ չէին հրավիրում, թեև ես շատ էի ցանկանում դա: Երբեք չէի կորցնում հավատը, որ դարձյալ խաղալու եմ Հայաստանի հավաքականում: Եղել է, որ շատ ցավեր եմ ունեցել և մտածել եմ, որ չեմ կարողանա խաղալ, սակայն երբ գալիս էր խաղի օրը, այդ ամենը մոռանում էի: Հյուսիսային Մակեդոնիայի դեմ մեկնարկային խաղից հետո ծնկի հատվածում ցավեր ունեի և հանդիպումից մեկ օր առաջ կաղում էի: Սակայն մարզիչն ինձ հարցրեց, թե արդյոք վստահ եմ, որ կարող եմ խաղալ և ես տվեցի դրական պատասխան: Խաղի օրը ցավերը կարծես անհետացան: Ես կարողացա դուրս գալ խաղադաշտ, խփել գոլ ու կատարել գոլային փոխանցում: Հավաքականում խաղալը մեծ պատիվ է, և այդտեղ մոտիվացիայի պակաս չի կարող լինել»,- ասաց Կարապետյանը:

Անդրադառնալով 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլին՝ Ալեքսանդր Կարապետյանը կարծում է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է վստահել մարզիչին ու աշխատել նույն նվիրվածությամբ:
«Կարծում եմ՝ դա նույնպես հաջողություն է, որ հայտնվեցինք այդպիսի խմբում, որտեղ միայն Գերմանիան է, որին հաղթելը չափազանց բարդ է: Մյուս բոլոր թիմերին կարող ենք հաղթել: Եթե շարունակենք խաղալ նույնքան լավ, կունենանք լավ հնարավորություններ խմբում գրավել երկրորդ տեղը: Հույս ունեմ, որ վնասվածքները չեն խանգարի մեզ: Եթե կարողանանք հաղթել մեկնարկային 3 խաղերում, որոնից երկուսն անցկացնելու ենք տանը, կպահպանենք լավ շանսեր:
Վերջին տարիներին մի շարք նոր ֆուտբոլիստներ են միանցել թիմին: Կարծում եմ, որ մարզիչը պետք է ընտրի մոտ 18 հիմնական ֆուտբոլիստների, որոնց շուրջ կառուցի թիմը: Վերջին տարիներին հաճախ են մարզիչներ փոխվում: Կարծում եմ, որ մարզիչին պետք է ժամանակ տալ, որպեսզի դարձյալ ժամանակ չկորցնենք հարմարվելու հարցում և նա կարողանա թիմին փոխանցել իր ֆուտբոլային մտահղացումները: Պետք է շարունակենք աշխատել նույն կերպ ու ամեն բան կստացվի: Մենք ունենք լավ խաղացողներ, որոնց շուրջ կարելի է լավ թիմ կառուցել»,- ասաց ֆուտբոլիստը:
Այս մրցաշրջանից առաջ Ալեքսանդր Կարապետյանը «Սոչիից» տեղափոխվեց «Տամբով», որի կազմում մասնակցել է Ռուսաստանի ընթացիկ առաջնության 16 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հետնապահն այս տարի ուներ մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ֆինանսական: Կարապետյանի խոսքով, ակումբի խնդիրները ևս անդրադառնում են խաղացողների ցուցադրած խաղի վրա:
«Կարծում եմ՝ վատ չսկսեցի «Տամբովում»՝ խփելով 3 գոլ: Չեմ կարող ասել, որ ամեն ինչի մեղավորն ակումբի խնդիրներն են, սակայն դրանք նույնպես անդրադառնում են խաղացողների ու թիմի ցուցադրած խաղի վրա: Խնդիրները շատ էին՝ աշխատավարձի ուշացում, տնային ստադիոնի բացակայություն և այլն: Չնայած դրան՝ մենք վատ ֆուտբոլ չէինք խաղում, թեև մեկնարկային կազմը հաճախ էր փոխվում և կար խաղակցվածության խնդիր: «Տամբովում» հանդիպեցի շատ խնդիրների, որոնց նախկինում չէի բախվել ֆուտբոլում»,- նշեց ֆուտբոլիստը:

Ալեքսանդր Կարապետյանը նաև պատմեց, թե որտեղ է անցկացնում ձմեռային արձակուրդը. «Այս օրերին ես հանգստանում եմ Սոչիում: Ծրագրում եմ ընտանիքիս հետ հանգստի մեկնել Դուբայ, սակայն կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով չես կարող ասել, թե ինչ կլինի վաղը: Ցանկանում եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, քանի որ վաղուց չէի տեսել նրանց և շատ եմ կարոտել:
2021 թվականին գլխավոր ֆուտբոլային նպատակներս են ևս մեկ սանսացիոն հաղթանակի հասնել հավաքականի հետ և գրել ևս մեկ պատմություն: Նաև կփորձեմ առավելագույնն անել ակումբում և արդարացնել բոլորի վստահությունը: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է խուսափել վնասվածքներից և պահպանել լավ մարզավիճակը: Կարծում եմ՝ դա ցանկացած ֆուտբոլիստի ամենաբարդ խնդիրն է»,- խոսքը եզրափակեց Հայաստանի հավաքականի հարձակվողը:
Դավիթ Եղիազարյան
Ֆոտո՝ ՀՖՖ, «Տամբովի» մամուլի ծառայություն
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.