«Շիրակից» հեռացած Գևորգ Կասպարովը՝ կարիերան շարունակելու հավանականության մասին

09:12   13 դեկտեմբերի, 2020

«Շիրակի» դարպասապահ Գևորգ Կասպարովը Երևանի «Փյունիկի» դեմ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 7-րդ տուրից հետաձգված հանդիպումից (2:0) հետո հեռացել է Գյումրիի թիմից:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է իր որոշման մասին, ինչպես նաև նշել, թե որ դեպքում կշարունակի կամ կավարտի կարիրեան:

«Եթե չլինի տարբերակ, կավարտեմ կարիերաս: «Շիրակից» հեռանալու մասին կասեմ, որ 2 շաբաթ առաջ զրուցեցի թիմի մարզիչի հետ և մենք հասկացանք իրար: Կարևորը, որ դա ֆուտբոլային զրույց էր: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Շիրակի» ղեկավարությանը, մարզչական ու ադմինիստրատիվ շտաբին և խաղընկերներիս 6 ամսվա համատեղ աշխատանքի ու ջերմ ընդունելության համար: Ցավոք, լավ արդյունքներ չունեցանք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Հետագայում հաջողություններ եմ մաղթում «Շիրակին»»,- զրույցում հայտնեց 40-ամյա դարպասապահը:

Հիշեցնենք, որ վերջերս Գևորգ Կասպարովը դարձել էր Հայաստանի առաջնություններում խաղացած ամենատարեց դարպասապահը: Երևանի «Ուրարտուի» դեմ նոյեմբերի 22-ին տեղի ունեցած խաղում նա ռեկորդը սահմանեց 40 տարեկան 120 օրականում: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր Ռոբերտ Պալյանը, որը Հայաստանի առաջնությունում խաղացել էր 40 տարեկան 90 օրականում: «Փյունիկի» դեմ խաղում Գևորգ Կասպարովը թարմացրեց սեփական ռեկորդը՝ խաղալով 40 տարեկան 140 օրականում:

Գևորգ Կասպարովն այս մրցաշրջանից առաջ էր միացել «Շիրակին»: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Դվինում», «Զվարթնոցում», «Միկայում», «Փյունիկում», «Ուլիսում», «Ալաշկերտում», «Գանձասար-Կապանում», ինչպես նաև Իրանը ներկայացնող «Արարատ» (Թեհրան), «Պաս», «Ռահ Ահան», «Սանատի Կավե», «Զոբ Ահան», «Տրակտոր» ակումբներում ու Արևմտյան Հայաստանի հավաքականում: Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 29 հանդիպում և բաց թողել 34 գնդակ:

Ավելի վաղ Կասպարովը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ունի մարզիչ դառնալու ծրագրեր, քանի որ իրեն տեսնում է ֆուտբոլային ասպարեզում աշխատելիս:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։