Փաշիկ Ալավերդյան. Հայաստանը կունենա 2 օլիմպիական քվոտայի իրավունք, բայց դեռ պետք է միավորներ վաստակենք

10:15   13 դեկտեմբերի, 2020

Ծանրամարտի օլիմպիական քվոտաների բաժանման հարցը պարզ կլինի Եվրոպայի առաջնությունից հետո: Հայաստանին հասնում է երկու քվոտա, բայց ձեռք կբերենք, թե ոչ, կհասկանանք 2021-ի ապրիլից հետո: Այս շրջանում հավաքականը երեք շաբաթյա հավաք է անցնում Ուկրաինայում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ուկրաինայից ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Միջազգային Օլիմպիական կոմիտեն կրճատել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ծանրամարտի քվոտաների քանակը՝ 260-ից հասցնելով 196: Փաշիկ Ալավերդյանի խոսքով քվոտաների կրճատումը պայմանավորված է նախկին դոպինգների բացահայտմամբ:

«Այս կրճատումները, որոնք ՄՕԿ-ն անում է ծանրամարտում, պայմանավորված է դոպինգներով: Ժամանակին ասում էին՝ մի արեք, բայց մարդիկ անում էին, դրա համար էլ հիմա կրճատում են: Օլիմպիական խաղերի քվոտաներն արդեն իջեցրել էին: Ամենի պատճառը նախկին դոպինգների խնդիրն է բոլոր պետությունների համար: Հայտնի է, թե մեր հավաքականին քանի քվոտա է հասնելու Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար՝ մեկ տղամարդ եւ մեկ կին: Այսինքն՝ մեր երկրին հասնում է երկու քվոտա, բայց սա էլ վերջնական պարզ չէ: Դեռ չունենք այդ քվոտաները, պետք է վաստակենք միավորներ, որ կարողանանք քվոտա ստանալ: Այնպես, որ վաղ է ասել, թե երկու մասնակից կունենանք Օլիմպիական խաղերում, գուցե չունենանք: Ամեն ինչ հայտնի կլինի 2021 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո, որը տեղի է ունենալու ապրիլի 3-11-ը Մոսկվայում: Հավաքականը շարունակում է իր մարզումային փուլերը:

Այս պահին գտնվում ենք Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում, որտեղ երեքշաբաթյա ուսումնամարզական հավաք ենք անցնում: Հավաքը մեկնարկել է դեկտեմբերի 8-ին, Հայաստան կվերադառնանք դեկտեմբերի 29-ին: Մասնակցում է 21 ծանրորդ: Երկու մարզիչներով ենք անցկացնում, մեզ հետ է նաեւ հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանը»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։