Աշխարհի Գավաթ. Մալխաս Ամոյանը շանս չտվեց թուրք մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ (ֆոտո)

22:02   12 դեկտեմբերի, 2020

Մալխաս Ամոյանն (72 կգ) առանց մրցակիցներին միավոր տալու նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 12-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց թուրք Չենգիզ Արսլանի հետ և հաղթեց 7:0 հաշվով: Առաջին մրցափուլից հետո Ամոյանը հաղթում էր 5:0 հաշվով, իսկ երկրորդում վաստակեց ևս 2 միավոր և տարավ վստահ հաղթանակ:

2018թ. աշխարհի ու 2019թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 6:0 հաշվով ուժեղ էր գտնվել 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր, սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչից: Երկրորդ գոտեմարտում նա 1 րոպե 47 վայրկյանում 12:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբ:

Դեկտեմբերի 13-ին կայանալիք եզրափակիչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 33-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշին:

Առաջին մրցումային օրը Հայաստանն ուներ 5 ներկայացուցիչ, որոնից միայն Մալխաս Ամոյանին էր հաջողվել նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր:

Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 0:4 հաշվով պարտվեց աշխարհի մինչեւ 23 տարեկանների փոխչեմպիոն, ռուսաստանցի Էմին Սեֆերշաևին, որը դուրս է եկել եզրափակիչ:

Սլավիկ Գալստյանը (67 կգ) մեկնարկեց 1/8 եզրափակիչից՝ 7:0 հաշվով հաղթելով կուբացի Կրիստոբալ Տորես Նունյեսին: Քառորդ եզրափակիչում Գալստյանը վիճելի մրցավարական որոշումների պայմաններում 4:7 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամբեկ Դադովին, որը նույնպես նվաճել է եզրափակիչի ուղեգիր:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանը (77 կգ) որակավորման փուլում հաղթահարեց լեհ Իվան Նիլիպիուկի արգելքը (4:0), իսկ 1/8 եզրափակիչում 4:2 հաշվով հաղթեց իտալացի Մատեո Մաֆեցոլիին: Կիսաեզրափակիչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը վիճարկեց կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուս Ռոման Վլասովի հետ և պարտություն կրեց 1:3 հաշվով: Վլասովը նվաճել է եզրափակիչի ուղեգիր:

2018թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանը (87 կգ) մեկնարկեց 1/8 եզրափակիչից, որտեղ 2:3 հաշվով պարտվեց 2019թ. երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հունգարացի Իստվան Տակաչին և լքեց պայքարը:

Կարապետ Չալյանը, Ռուդիկ Մկրտչյանը և Սլավիկ Գալստյանը հնարավորություն ստացան դեկտեմբերի 13-ին մասնակցել սփոփիչ գոտեմարտերի և պայքարել բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ Արմեն Մելիքյանը (60 կգ), Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պայքարի մեջ կմտնեն դեկտեմբերի 13-ին: Նրանց առաջին մրցակիցները ևս հայտնի են:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.