09:40 12 դեկտեմբերի, 2020Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը վերջին տարիներին գրեթե յուրաքանչյուր մրցաշրջանում ավելացնում է խաղային առումով: Այս տարի նա Հայաստանի հավաքականի կազմում մեծ դերակատարում ունեցավ Ազգերի լիգայի հաղթական մրցաշրջանում, իսկ Ղազախստանի ավարտված առաջնությունում լավագույններից մեկն էր և հայտնվեց մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:
Ազգերի լիգայի խմբային փուլում 27-ամյա հարձակվողը դարձավ մեկ գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Գոլային փոխանցումների ցուցանիշով նա լավագույնն էր ամբողջ մրցաշարում:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Բարսեղյանն ամփոփել է Ազգերի լիգայի հաղթական մրցաշրջանը և խոսել տարբեր թեմաներից:
«Այս տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկն այն էր, որ պատմություն կերտեցինք ու այս դժվար պահին կարողացանք գոնե մի փոքր ուրախացնել մեր ազգին: Գուցե շատերի համար դա անակնկալ էր, բայց ոչ մեր՝ ֆուտբոլիստներիս համար: Յուրաքանչյուր հանդիպմանը բոլորս նվիրվում ու հավատում ենք և խաղում մեկս մյուսի համար»,- նշեց ֆուտբոլիստը:
Մեկնաբանելով 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը՝ Տիգրան Բարսեղյանը նշեց, որ հաջողության համար անհրաժեշտ են 2 գործոններ.
«Եթե խաղանք նույնպիսի նվիրվածությամբ և հաջողությունն էլ մեր կողմը լինի, ապա կարող ենք հասնել լավ արդյունքի»:

Հաջող մրցաշրջանից հետո Բարսեղյանն այլ ակումբներից առաջարկների պակաս չունի, սակայն դեռ չի մտածում «Աստանայից» հեռանալու մասին:
«Եվս մեկ տարվա պայմանագիր ունեմ «Աստանայի» հետ և ցանկանում եմ օգնել թիմին դառնալ Ղազախստանի չեմպիոն, ինչպես նաև հանդես գալ եվրագավաթների խմբային փուլում: Իսկ թե ինչպես կդասավորվի հաջորդ տարին, չեմ կարող ասել:
Այս պահին հանգստանում եմ և փորձում եմ քիչ ժամանակ անցկացնել բջջային հեռախոսի մեջ: Սակայն կարող եմ ասել, որ բավական շատ են թիմերը, որոնք ցանկանում են ինձ տեսնել իրենց կազմում»,- նշեց հարձակվողը:
Վերջին տարիներին մի շարք հայ ֆուտբոլիստներ են տեղափոխվում Ղազախստան: Տիգրան Բարսեղյանի խոսքով, այնտեղ լավ կարծիք է ձևավորվել հայ ֆուտբոլիստների մասին:
«Ինձանից առաջ Ղազախստանում խաղացած հայ ֆուտբոլիստները շատ մեծ անուն են թողել: Մենք շարունակում ենք նրանց գործը: Կարծում եմ՝ այստեղ շատ լավ են ճանաչում հայ ֆուտբոլիստներին և հետևում են նրանց խաղին»,- ասաց Բարսեղյանը:

Հոկտեմբերին «Աստանայի» գլխավոր մարզիչ էր նշանակվել Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Տիխոնովը: Տիգրան Բարսեղյանը պատմեց, որ ռուս մասնագետն իր համար ավելին է, քան պարզապես մարզիչ:
«Առաջին հերթին, Անդրեյ Տիխոնովը հրաշալի անձնավորություն է ու մեծատառով մարդ: Նա կարծես մեծ եղբոր պես լինի ինձ համար: Նա այն մարզիչներից է, որի համար ֆուտբոլիստը պատրաստ է ամեն ինչի»,- նշեց ֆուտբոլիստը:
2021 թվականին Տիգրան Բարսեղյանի գլխավոր նպատակները ֆուտբոլում երկուսն են. «Հայաստանի հավաքականի հետ հաղթահարել աշխարհի առաջնության ընտրական փուլի արգելքը, ինչպես նաև «Աստանայի» կազմում դառնալ «Ղազախստանի» չեմպիոն»,- խոսքը եզրափակեց հարձակվողը:
Դավիթ Եղիազարյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.