Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը չի ստանա

21:11   10 դեկտեմբերի, 2020

Ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը չի ստանա: Դատական գործն ավարտվել է ի օգուտ Նուրուդինովի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

«Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը չի ստանալու: Դատական գործն ավարտվել է հօգուտ Նուրուդինովի: Դեկտեմբերի 20-ից ուզբեկ ծանրորդը դուրս է գալիս որակազրկումից, արդեն կարող է մասնակցել միջազգային մրցաշարերին: Պաշտոնապես արդեն հայտարարված է միջազգային ֆեդերացիայի կայքում, ուզբեկական լրատվամիջոցներում»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճած, ուզբեկ Ռուսլան Նուրուդինովի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել, եւ նա կզրկվի ոսկե մեդալից։  Ավելի ուշ Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Նուրուդինովի որակազրկման եւ Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնության մասին նամակ է ստացել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահից։

Ռիոյում Սիմոն Մարտիրոսյանը արծաթե մեդալը նվաճել էր երկամարտի 417 (190+227) կգ արդյունքով։ Ռուսլան Նուրուդինովը առաջին տեղը գրավել էր 431 (194+237) կգ արդյունքով։

Ռուսլան Նուրուդինովը զրկվել էր նաեւ 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերում չորրորդ արդյունքից, դարձյալ դրական դոպինգ թեստի հետեւանքով։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։