Լուկաշենկո․ Բախն ու իր բանդան դատարանում կպատմեն՝ որն է իմ մեղքը

14:50   8 դեկտեմբերի, 2020

Բելառուսի նախագահ, Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է Միջազգային օլիմպիական կոմիտեի գերմանացի նախագահ Թոմաս Բախին։ ՄՕԿ-ը պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի ԱՕԿ-ի նկատմամբ։

«Մենք պետք է դիմենք դատարան։ Բախն ու իր բանդան այնտեղ կպատմեն՝ որն է իմ մեղքը․ այն, որ ես իմ երկիրն եմ պաշտպանո՞ւմ»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է БелТА-ն։

Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն, հետաքննելով Բելառուսում տիրող քաղաքական իրավիճակը, պաշտոնապես եզրակացրել է, որ Բելառուսի Ազգային օլիմպիական կոմիտեն պատշաճ չի պաշտպանել երկրի մարզիկներին քաղաքական խտրականությունից, ինչը հակասում է օլիմպիական շարժման սկզբունքներին։

ՄՕԿ-ը ժամանակավորապես արգելել է Բելառուսի ԱՕԿ-ի գործկոմի անդամներին մասնակից լինել ՄՕԿ-ի մրցաշարերին, այդ թվում 2021-ին Տոկիոյում անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերին, հաղորդում է ՄՕԿ-ի կայքը։

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ Բելառուսի ԱՕԿ-ի նախագահ, երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, ԱՕԿ-ի փոխնախագահ, նախագահի ավագ որդի Վիկտոր Լուկաշենկոն։ ՄՕԿ-ը դադարեցրել է նաեւ ֆինանսական աջակցությունը Բելառուսի ԱՕԿ-ին, բացառությամբ անմիջապես մարզիկներին հատկացվող գումարները։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։