Հովհաննես Համբարձումյանը` ԱԱ-2022-ի վիճակահանության ու կարիերայի ամենակարևոր գոլի մասին

12:04   8 դեկտեմբերի, 2020

Հայաստանի ազգային հավաքականի և Կիպրոսի «Անորտոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել  է Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքները:

«Վիճակահանության մասին կասեմ, որ եթե վերջնական արդյունքում հավաքած լինենք բավականաչափ միավորներ, դա կնշանակի, որ այն հաջող էր մեզ համար: Եթե թույլ տաս, բոլոր թիմերն էլ կարողանում են խաղալ: Կփորձենք յուրաքանչյուր խաղում պայքարել միավորների համար: Եթե ստացի դա, իհարկե, կպայքարենք բարձր տեղերի համար»,- ասաց Հովհաննես Համբարձումյանը:

Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը հենց Հովհաննես Համբարձումյանի միակ գոլի շնորհիվ հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և, երկրորդ խմբում գրավելով առաջին տեղը, նվաճեց B դիվիզիոնի ուղեգիր: 30-ամյա ֆուտբոլիստի խոսքով, դա իր կարիերայի ամենակարևոր գոլն էր:

«Վստահորեն կարող եմ ասել, որ դա կարիերայիս ամենակարևոր գոլն էր: Շատ ուրախ եմ, որ կարողացանք առաջին անգամ հաղթել պաշտոնական մրցաշարում ու նվաճել B դիվիզիոնի ուղեգիր: Հուսով եմ՝ կկարողանանք հաջող խաղ ցուցադրել նաև հաջորդ փուլում»,- ասաց Հովհաննես Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտեյնշտեյնի հավաքականների հետ:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։