Գեւորգ Ալեքսանյան․ Մեր զինվորը հաղթած է, մենք էլ գնալու ենք հաղթելու

09:11   7 դեկտեմբերի, 2020

Պատերազմից, մեզ համար ստեղծված ոչ բարենպաստ իրավիճակից հետո Արթուրին էլ, մյուսներին էլ թշնամանքով գորգ դուրս բերելու դեպքում անհաջողություն ենք ունենալու: Մեր զինվորը հաղթած է, մենք էլ գնալու ենք հաղթելու:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ եւ հայր Գեւորգ Ալեքսանյանը:

Այս օրերին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Գեւորգ Ալեքսանյանի գլխավորությամբ պատրաստվում է աշխարհի անհատական գավաթի խաղարկությանը, որը տեղի է ունենալու Սերբիայում դեկտեմբերի 12-18-ը:

Պարոն Ալեքսանյան, պատերազմից անմիջապես հետո թիմը պատրաստվում է աշխարհի գավաթի խաղարկությանը: Ի՞նչ հոգեվիճակ կա տղաների մոտ եւ ինչպե՞ս են տրամադրված մրցագորգ դուրս գալուն:

Սա նոր մարտահրավեր է, որը մենք պետք է պատվով հաղթահարենք, փոքրիկ հաղթանակներ ունենանք եւ վերադառնանք Հայաստան: Այս պահին մեր առջեւ խնդիր ունենք դրած՝ մեր ուժերի չափով մասնակցել, հաղթանակներ գրանցել, որպեսզի մի փոքր կարողանանք բարձրացնել հայ ժողովրդի տրամադրությունը: Այո, անմիջապես պատերազմից հետո ենք պատրաստվում աշխարհի գավաթին մասնակցել եւ այս հոգեվիճակում թվում էր, թե անհնար կլինի թիմին համախմբել, տրամադրել մարզումների, աշխարհի գավաթին: Կարծես՝ հաջողվել է այդ առաջին փուլն անցնել, քանի որ բոլորիս ջանքերով թիմը մնաց համախմբված: Չնայած, ծանր հոգեբանական վիճակին, պատրաստ ենք մեր փոքր հաջողությունները գրանցել, հաղթանակներ պարգեւել հայ ազգին:

Ինչ վերաբերում է թիմում հետպատերազմյան հոգեվիճակին, բոլորիս վրա այդ 44 օրերը իրենց հետքն են թողել: Ծանր օրեր ապրեցինք, բայց կարողացանք բռունցք մնալ: Գտնում եմ, որ ժամանակն է՝ յուրաքանչյուրս մեր ոլորտում նորից փորձենք հաջողությունների հետեւից գնալ, հաղթանակներ ունենալ, որ բոլորս սկսենք կրկին հավատալ ինքներս մեզ:

Պարոն Ալեքսանյան, մրցագորգում մեր հիմնական մրցակիցներից են նաեւ ադրբեջանցի եւ թուրք ըմբիշները: Ինչպե՞ս եք պատկերացնում պատերազմից հետո հարեւան պետությունների ներկայացուցիչների հետ գոտեմարտերը։

Այսօր մեր մարզիկներին չպետք է տանենք Ադրբեջան-Հայաստան, Թուրքիա-Հայաստան պայքարի: Տղաներին այդ երկրների ներկայացուցիչների նկատմամբ անհատական թշնամանքով  չպետք է հանենք մրցագորգ: Լինելու է թշնամանքը, ուզենք, թե չուզենք: Մարզիչներիս խնդիրն է՝ թուլացնել այդ թշնամանքը գորգում, սպորտում, սպորտային պայքարում: Այս հավաքի ընթացքում տարբեր զրույցներ ենք ունենում ըմբիշների հետ: Մարզիկը պետք է դուրս գա մրցագորգ ոչ թե ադրբեջանցու, թուրքի դեմ, այլ մրցակցին հաղթելու համար:

Պետք է կարողանանք մարզիկի միջից ավելորդ լարվածությունը հանել, որ նա օգտագործի իր բոլոր հնարավորությունները: Իսկ եթե մենք գնանք ադրբեջանցուն կամ թուրքին հաղթելու, անհաջողություն ենք ունենալու: Չի կարելի մեկ մարզիկի դեմ պատրաստվել: Մարզիկը հոգեբանորեն պետք է պատրաստ լինի ամբողջ մրցաշարը հաղթել: Չգիտեմ՝ ժողովուրդն ինձ կհասկանա, թե ոչ, բայց սպորտային հոգեբանության տեսանկյունից մենք չենք կարող մեր տղաներին տրամադրել թուրք, ադրբեջանցի մրցակիցների դեմ:

Միշտ հանդիպել ենք ու հանդիպելու ենք հարեւան երկրների ներկայացուցիչներին: Այսօր նույն Արթուրի հիմնական մրցակիցներից մեկը թուրքն է: Պատերազմից, մեզ համար ստեղծված ոչ բարենպաստ իրավիճակից հետո Արթուրին էլ, մյուսներին էլ թշնամանքով գորգ դուրս բերելը նշանակում է անհաջողություն, ավելորդ լարվածություն, որը խանգարելու է հաղթանակին:

Իսկ գործնականում հնարավո՞ր է այս ամենն իրականացնել:

Գործնականում իրականացնելը բարդ է լինելու, ամեն ինչ կանխատեսելի է,: Հենց այդ պատճառով ասում եմ ՝ փորձելու ենք այդ հոգեբանությունը դնել տղաների մեջ: Որքանով կստացվի, կհաջողվի մեզ, չեմ կարող ասել: Սադրանքներ, ոչ սպորտային պահվածք կարող է  լինել: Հիմա ավելի շատ: Արթուր Ալեքսանյանի թուրք մրցակից Ջենք Իլդեմը ամեն  գոտեմարտի ավարտին ոչ սպորտային պահվածք է ցույց տալիս՝ հարվածում գլխով, մատ կոտրում, մատներն աչքերը մտցնում: Նորություն չէ մեզ համար, բայց նաեւ գիտակցում ենք՝ ինչ կլինի այս պատերազմից հետո: Պիտի կարողանանք դիմադրել,  մարզիկներին հեռու պահել սադրանքներից, թշնամանքից:

Մեր մարզումներն անցնում են այժմ նաեւ հոգեբանական զրույցների տեսքով: Պատերազմի օրերին տղաների աչքերին նայում էի ու տեսնում, որ տեղում չեն, մտքերով առաջնագծում են: Հիմա էլ տղաների մտքերը դեռ առաջնագծում են, վերլուծությունների ու անհանգստությունների մեջ: Փորձում ենք հետ բերել նրանց այդ մտքերից, մտցնել դահլիճ, կենտրոնցացնել մարզումային գործընթացի վրա, որպեսզի կարողանան կատարել իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները:

Պարոն Ալեքսանյան, զրույցի ընթացքում նշեցիք պատերազմի օրերին թիմը համախմբված պահելու խնդրի մասին: Ինչո՞վ էր պայմանավորված թիմի ցրվելու մտավախությունը:

Պատերազմի օրերին հավաք էինք անում եւ մարզումների ընթացքում հորդորում էինք տղաներին հավաքը կիսատ չթողնել, շարունակել, որովհետեւ մեր պայքարը գորգում դեռ շարունակվելու է: Պարզվեց՝ մեր հորդորներին հակառակ, մարզիչներիցս գաղտնի, հավաքականի բոլոր անդամները Արթուրը, Կարապետը, Գեւորգը, բոլորը գնացել եւ կամավորագրվել էին ռազմաճակատ մեկնելու համար: Մարզչական շտաբն այդ մասին իմացավ հետո:

Հույս ունեին, որ կկանչեն, կմեկնեն առաջնագիծ: Թիմի անդամներից ոչ մեկին չկանչեցին, բայց բոլորն էլ պատրաստակամ էին մեկնել եւ իրենց պարտքը մատուցել հայրենիքին: Չգիտեմ՝ ինչու չկանչեցին, երեւի ճանաչել էին: Սա էր թիմին համախմբված պահելու մեր խնդիրը, քանի որ բոլորը մտածում էին առաջնագիծ մեկնելու մասին:

Մենք միշտ դուրս ենք եկել մրցագորգ հաղթանակած երկրի, բանակի կողմից: Մենք հիմա էլ ենք հաղթած: Ես պարբերաբար կրկնում եմ, որ մեր զինվորը չի պարտվել, մեր զինվորը հաղթած է: Մեր զինվորներն իրենց կյանքի գնով պայքարել են: Այդ պահին ուժերն անհավասար են եղել ՝ տեխնիկայի, մարդուժի առումով, բայց մեր զինվորը չի վախեցել, կանգնել ու կռվել է մինչեւ վերջ: Նրանք հաղթած տղաներ են: Մենք էլ մեր տեսակով զինվոր ենք ու գնալու ենք հաղթելու:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։