Սամվել Գեւորգյան․ Ես եւ Էդուարդ Սահակյանը վարակվել ենք կորոնավիրուսով

09:12   30 նոյեմբերի, 2020

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը եւ մարզիչ Սամվել Գեւորգյանը վարակվել են կորոնավիրուսով: Թիմին աշխարհի գավաթի խաղարկությանը կնախապատրաստի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը:

Հունահռոմեական ըմշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 30-ից սկսում է ուսումնամարզական հավաք 2020 թվականի աշխարհի առաջնությանը փոխարինած աշխարհի գավաթի խաղարկության համար, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 12-18-ը Սերբիայում:

Էդուարդ Սահակյանին հավաքի ընթացքում կփոխարինի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը, թիմի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը, քանի որ գլխավոր մարզիչը մեկուսացված է եւ կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում: Մեկուսացված է նաեւ Սամվել Գեւորգյանը, որն արդեն բուժման 10-րդ օրն է անցնում:

«Հայաստանի հավաքականը նոյեմբերի 30-ից «Օլիմպավանում» սկսում է ուսումնամարզական հավաք աշխարհի գավաթի խաղարկությանն ընդառաջ: Հավաքը կտեւի մինչեւ դեկտեմբերի 10-ը: Հավաքին մասնակցում է 32 ըմբիշ: Նախքան հավաքի վայր ժամանելը, թիմի բոլոր անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել: Դրական պատասխան չունենք եւ ամբողջական կազմով կանցկացվի հավաքը:

Ինչու եմ ասում կանցկացվի, քանի որ առանց մեզ է անցնելու: Ես եւ հավաքականի ավագ մարզիչ Էդուարդ Սահակյանը վարակվել ենք կորոնավիրուսով եւ այս շրջանում մեկուսացված ենք, բուժման կուրս ենք անցնում: Ես արդեն մեկ շաբաթից ավելի է բուժվում եմ, Սահակյանի դրական թեստը օրերս է հաստատվել: Թիմի հետ հավաքի ընթացքում կաշխատի Գեւորգ Ալեքսանյանը:

Պատրասվում ենք աշխարհի գավաթի խաղարկությանը: Ամենայն հավանականությամբ աշխարհի գավաթին կմասնակցեն Հայաստանի չեմպիոնները: Առաջիկայում կհայտարավի վերջնական կազմը:

Թիմը կնախապատրաստվի աշխարհի գավաթին, բայց իրականում դեռ հայտնի չէ՝ այն տեղի կունենա, թե ոչ: Աշխարհի առաջնությունը փոխարինվեց աշխարհի գավաթով, քանի որ բազմաթիվ երկրներ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հրաժարվել էին մասնակցությունից: Աշխարհի գավաթի խաղարկության մասնակցությունից եւս մի շարք երկրներ արդեն հրաժարվել են: Չեղարկվելու մասին դեռեւս չի խոսվում, բայց շատ հնարավոր է՝ սա եւս չանցկացվի: Ամեն դեպքում Հայաստանի հավաքականը պատրաստվում է եւ անցկացվելու դեպքում անպայման կմասնակցի:

Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո դեկտեմբերի վերջում կանցկացնենք Հայաստանի առաջնություն»,- ասաց Սամվել Գեւորգյանը:

Սերբիայում նախատեսված աշխարհի գավաթի խաղարկությունում հունահռոմեականները կմասնակցեն դեկտեմբերի 12-14-ը, ազատ ոճայինները՝ դեկտեմբերի 16-18-ը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։