Մարադոնայի ընկեր․ Դիեգոն մահացել է աղքատության մեջ

22:27   27 նոյեմբերի, 2020

Արգենտինացի լրագրող Լուիս Վենտուրան պատմել է լեգենդար Դիեգո Մարադոնայի վերջին շրջանի ֆինանսական խնդիրների մասին։ Աշխարհի չեմպիոնը մահացել է նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։ Վենտուրան ու Մարադոնան ունեցել են ընկերական հարաբերություններ։

«Մարադոնան գրեթե ոչինչ չուներ։ Նա մահացել է աղքատության մեջ։ Նրանից գողացել են գրեթե ամեն ինչ, մնացածն էլ ինքն է նվիրաբերել։ Վերջին շրջանում նա ապրում էր «Խիմնասիայից» վճարվող համեստ աշխատավարձով»,- Վենտուրայի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Հիշեցնենք, որ Մարադոնան նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։ Նրա փաստաբանը հայտարարել էր, որ մահից առաջ Մարադոնան 12 ժամ դուրս է եղել բուժհսկողությունից, իսկ շտապօգնությունը կանչից կես ժամ հետո է հասել տեղ։

Մարադոնան ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Ժունիոր» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984-ին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991-ին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993-ին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994-ին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:

Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ ազգային թիմի կազմում դառնալով 1986թ․ աշխարհի չեմպիոն:

Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: 2019 թվականից Մարադոնան գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։