Ֆուտբոլը շնորհակալ է քեզ. Նեյմարն անդրադարձել է Մարադոնայի մահվանը

09:15   27 նոյեմբերի, 2020

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորն Ինստագրամի իր պաշտոնական էջում անդրադարձել է արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի մահվանը:

«Դու միշտ կմնաս մեր հիշողություններում:Դու մեծ ժառանգություն ես թողել:

Ֆուտբոլը շնորհակալ է քեզ, հանգչիր խաղաղությամբ, լեգենդ»,- գրել է Նեյմարը:

Մարադոնայի մահվան մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 25-ին: Արգենտինացի մարզիչը նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Մարադոնան հիվանդանոցից դուրս էր գրվել նոյեմբերի 12-ին: 60-ամյա մարզիչի առողջական վիճակը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նոյեմբերի 25-ին կտրուկ վատացել է: Երբ բժիշկները ժամանել են Մարադոնայի տուն, լեգենդար ֆուտբոլիստն արդեն մահացած է եղել սրտի կաթվածի հետևանքով:

Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել:

Դիեգո Մարադոնան ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Ժունիոր» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984 թվականներին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991 թվականներին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993 թվականներին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994 թվականներին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:

Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ ազգային ընտրանու կազմում դառնալով աշխարհի չեմպիոն:

Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: 2019 թվականից Դիեգո Մարադոնան գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը:

View this post on Instagram

A post shared by ene10ta Érre neymarjr (@neymarjr)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։