Մխիթարյան. Չեմ կարող ավելի հպարտ լինել ազգային հավաքականով

00:48   19 նոյեմբերի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ մեկնաբանելով Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում Հայաստանի ազգային ընտրանու տարած հաղթանակը:

«Չեմ կարող ավելի հպարտ լինել ազգային հավաքականով: Շնորհավորում եմ տղաներին B դիվիզիոն դուրս գալու կապակցությամբ»,- գրել է Մխիթարյանը՝ կից տեղադրելով հանդիպման ավարտից հետո ՀՖՖ-ի հրապարակած տեսանյութը:

Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականին չէր միացել «Ռոմայում» կորոնավիրուսի բռնկման պատճառով:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել 1:0 հաշվով: 55-րդ րոպեին Հայաստանի հավաքականի միակ ու հաղթական գոլը խփել է Հովհաննես Համբարձումյանը:

Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի երկրորդ խմբում 11 միավորով գրավեց առաջին տեղը: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Վրաստանը ունի 7 միավոր և երրորդ տեղում է, իսկ Էստոնիան 3 միավորով վերջին՝ չորրորդ տեղում է:

Մակեդոնացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն տվեց Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում բարձրանալ B դիվիզիոն, որտեղ մրցակիցները կլինեն անհամեմատ ավելի ուժեղ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։