Արտակ Գրիգորյան. Բարձր տրամադրությամբ եկել ենք Կիպրոս, որպեսզի հաղթենք

17:30   17 նոյեմբերի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը Կիպրոսում անցկացված ասուլիսում անդրադարձել է Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպմանը:

«Թիմում տրամադրությունը շատ բարձր է, քանի որ շատ կարևոր հաղթանակ տարանք Վրաստանի նկատմամբ: Դա շատ ուրախալի էր հայ ժողովրդի համար, ինչպես նաև մեզ համար՝ մրցաշարային աղյուսակում մեր դիրքը բարելավելու հարցում: Բարձր տրամադրությամբ եկել ենք Կիպրոս, որպեսզի հաղթենք Մակեդոնիային: Շատ կարևոր խաղ է: Տղաների տրամադրությունը շատ բարձր է՝ մարտական: 

2 հենակետային կիսապաշտպանով խաղալը շատ դժվար է, քանի որ մեծ ծավալի աշխատանք ես կատարում: Կարծում եմ՝ այս տակտիկան արդարացրեց, քանի որ հաղթեցինք ու շատ լավ խաղացինք: Մարզիչը կորոշի, թե ինչպես կխաղանք այս խաղում»,- նշել է «Ալաշկերտի» ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ, Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը նոյեմբերի 18-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում (Երևանի ժամանակով 21:00-ին):

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրից հետո Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 8 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար Հյուսիսային Մակեդոնիան ունի 9 միավոր, Վրաստանը՝ 6, իսկ Էստոնիան՝ 2: Նոյեմբերի 15-ին անցկացված նախորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում 2:1 հաշվով հաղթել էր վրացիներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։