Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը Թբիլիսիում հաղթեց վրացիներին (ֆոտո)

22:50   15 նոյեմբերի, 2020

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում  Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ Թբիլիսիում հյուրընկալվեց Վրաստանի հավաքականին եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

33-րդ րոպեին հարձակվող Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո աչքի ընկավ կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը։ Հաջորդ գրոհի ժամանակ Գեւորգ Ղազարյանի հարվածից հետո Վրաստանի թիմին գոլից փրկեց դարպասաձողը։

40-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կրկնակի սեյվով փրկեց թիմին գոլից։

64-րդ րոպեին Արման Հովհաննիսյանը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց մրցակցի նկատմամբ եւ 11 մետրանոց հարվածն արդյունավետ իրացրեց հարձակվող Վալերի Կազաիշվիլին։

86-րդ րոպեին «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո խփեց հաղթական գոլը։

Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի (2։2)։

C դիվիզիոնի երկրորդ խմբում Հայաստանի հավաքականը 8 միավորով երկրորդն է, Վրաստանն ունի 6 միավոր եւ երրորդն է։ Առաջատարը Հյուսիսային Մակեդոնիան է՝ 9 միավոր։ Հետնապահը Էստոնիան է՝ 2 միավոր։

Նոյեմբերի 18-ին անցկացվելիք վերջին տուրի խաղում Հայաստանի թիմը կմրցի մակեդոնացիների հետ։

Փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճում է խմբում առաջին տեղ գրաված թիմը։

Ազգերի լիգա, 5-րդ տուր

C դիվիզիոն, երկրորդ խումբ

Վրաստան - Հայաստան՝ 1։2

Վալերի Կազաիշվիլի, 65, 11մ - Գեւորգ Ղազարյան, 33, Սարգիս Ադամյան, 86

Հայաստանի հավաքական. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Արման Հովհաննիսյան (Սերոբ Գրիգորյան, 69), Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո (Կարեն Մուրադյան, 77), Տիգրան Բարսեղյան, Գևորգ Ղազարյան (Վահան Բիչախչյան, 77), Սարգիս Ադամյան (Տարոն Ոսկանյան, 89), Ալեքսանդր Կարապետյան (Արշակ Կորյան, 77):

Հյուսիսային Մակեդոնիա - Էստոնիա՝ 2։1

Իվան Տրիչկովսկի, 29, Վլատկո Ստոյանովսկի, 68 - Ռաունո Սապինեն, 52

Ֆոտո՝ ՀՖՖ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։