Գևորգ Ղազարյան. Հավատում եմ, որ կարող ենք հաղթել թե՛ Վրաստանի, և թե՛ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներին

20:38   14 նոյեմբերի, 2020

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստանի հետ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

Գևորգ Ղազարյանը նշել է, որ Հայաստանի հավաքականին բարդ հանդիպում է սպասվում, սակայն ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են և ամեն ինչ կանեն 3 միավոր վաստակելու համար:

«Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները հոգեբանական առումով դժվար դրության մեջ են, քանի որ պարտություն են կրել նախորդ խաղում, սակայն մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, քանի որ մրցակիցն ուժեղ թիմ է և իր կազմում ունի շատ որակյալ ֆուտբոլիստներ։   

Ես պատրաստ եմ ստանձնել առաջատարի դերը, բայց կարծում եմ, որ վաղը բոլորս պետք է փորձենք լինել առաջատար և դաշտում լինենք որպես մեկ առաջատար թիմ։

Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել թե՛ Վրաստանի, և թե՛ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներին»,- ասել է 32-ամյա ֆուտբոլիստը:

Գևորգ Ղազարյանը նաև նշել է, որ Կապառոսը հավաքականում կատարել է լուրջ փոփոխություններ, մարզումների ընթացքում ավելի շատ ուշադրություն է դարձվում դաշտում տակտիկական տեղաշարժերի և ճիշտ գոտիների վրա։

Վրաստան - Հայաստան խաղը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Թբիլիսիի «Դինամո» ստադիոնում: 3 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։