09:14 6 նոյեմբերի, 2020Արցախում ընթացող մարտերում հերոսաբար զոհվել է ծանրամարտի Հայաստանի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Արեն Չատինյանը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ծանրորդի անձնական մարզիչ Արման Ղազարյանը:
20-ամյա Արեն Չատինյանը Ստեփանավանից էր: Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան էր, հանդես էր գալիս 61 կգ քաշային կարգում: Եղել է 2015-2016 թթ. պատանիների Հայաստանի չեմպիոն, 2017-2018թթ. երիտասարդների Հայաստանի չեմպիոն եւ 2019 թվականի մեծահասակների Հայաստանի չեմպիոն: 2019 թվականին ընդգրկվել է ազգային հավաքականում, բայց մեկնել է զինծառայության:
Անձնական մարզիչ Արման Ղազարյանի խոսքերով, Արեն Չատինյանը հեռանկարային մարզիկ էր, բայց չհասցրեց իրեն դրսեւորել մեծահասակներում:
«Հրաշալի ներուժով տղա էր, պայքարող տեսակ էր: Նա իմ սանն էր 2017 թվականից, հեռանկարային եւ մեծ ապագա ունեցող ծանրորդ էր: Չհասցրեց իր բոլոր նպատակներն իրականացնել: Շատ էր ցանկանում մեծ արդյունքներ գրանցել սպորտում: Հայաստանի չեմպիոն էր եւ արդեն ցուցադրում էր լավ արդյունքներ: Պարտադիր ժամկետային զինծառայության մեջ էր եւ մնացել էր քիչ ժամանակ ավարտել ծառայությունը: Սպասում էր, որ գար ու շարունակեր սպորտը:

Հանդես էր գալիս 61 կգ քաշային կարգում: Այս տարվա Հայաստանի առաջնությանը մասնակցեց, բայց չորրորդ տեղով բավարարվեց: Իր հնարավորությունների չափով մարզվել էր կարանտինի պայմաններում, այդ պատճառով էլ չորրորդ տեղի արդյունքով բավարարվեց:
Բնավորությամբ հրաշալի մարդ էր, կյանքը կտար ընկերոջ համար: Ծանր շրջան է բոլորիս համար, մեր լավագույն սաները հեռանում են»,- ասաց Արման Ղազարյանը:
Արենի եղբայր Արտակ Չատինյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում պատմեց առաջնագծում եղբոր տարած հերոսական կռվի մասին:
«Եղբայրս ծառայության մեկնեց 2019 թվականի հուլիսի 2-ին: Այդ տարի էր դարձել Հայաստանի չեմպիոն եւ արդեն հասցրել էր հավաքականի հետ մասնակցել մեկ հավաքի, բայց միջազգային մրցաշարերի չհասցրեց մեկնել:
Ասում են՝ շատ լավ ծառայող է եղել: Հետախույզ էր: Սերժանտ էր, ապա ավագ սերժանտ էր ստացել: Պատերազմի սկսվելու օրվանից պարբերաբար խոսում էինք հեռախոսով: Ամեն ինչ շատ լավ էր, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է: Չէր ասում՝ որտեղ է: Հետո իմացանք, որ Ջաբրայիլում է: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին: Համառ մարտերի ժամանակ ուսի հրազենային վիրավորում է ստացել: Վիրակապել են եւ այդպես վիրավոր շարունակել է մնալ կռվի դաշտում: Որոշ ժամանակ անց ԱԹՍ-ից բեկորային հարված է ստացել մեջքին: Նրա հետ վերջին անգամ զրուցել էինք հոկտեմբերի 20-ին, մահվան լուրի մասին տեղեկացանք 3 օր անց: Հերոսի պես կռվել է մի քանի ժամ վիրավոր ուսով, չի ցանկացել ոչ մի րոպե իր ընկերներին մենակ թողնել ռազմի դաշտում»,- մանրամասնեց Արենի եղբայրը:


Նահատակված մարզիկի մտերիմ ընկեր, ծանրամարտի Եվրոպայի պատանիների փոխչեմպիոն Մոնթե Մխիթարյանը հերոս ընկերոջ մասին խոսելիս նախ հիշատակում է չեմպիոնական նվաճումները, բոլոր մրցաշարերում եւ հուշամրցաշարերում Արենի նվաճած մեդալներն ու մրցանակային տեղերը, ապա պատմում սպորտում միասին անցած ճանապարհի մասին:
«Արենի նպատակներից մեկը մեծահասակների չեմպիոն դառնալն էր ու հավաքական ընդգրկվելը: Նա նվաճեց մեծահասակներում ոսկե մեդալն ու գնաց բանակ: Այդ ընթացքում մեկ հավաքի միայն հասցրեց մասնակցել: Միջազգային մրցաշարի այդպես էլ չմեկնեց:
Երբ խոսում էինք նրա հետ, միշտ ուրախ էր: Չուներ Եվրոպայի կամ աշխարհի երիտասարդների մինչեւ 5-րդ տեղի արդյունք: Երբ զինակոչվեց բանակ, դրանից մեկ ամիս անց Եվրոպայի առաջնությունն էր երիտասարդների, բայց զինծառայությունն ավելի շուտ եկավ: Չեմպիոնի կոչումով գնաց բանակ, հերոսի մահով զոհվեց»,- նշեց թիմակից Մոնթե Մխիթարյանը:
Մեկ այլ մտերիմ ընկեր ծանրորդ Նանե Ստեփանյանի փոխանցմամբ, Արենի երազանքը մեծ տիտղոսներով ծանրորդ դառնալն էր:
«Արենը կյանքը սիրող, կյանքով լի, ժպտերես ու հումորով տղա էր: Ամեն ինչին հումորով էր վերաբերվում եւ բոլորիս էլ խորհուրդ էր տալիս նույնկերպ վարվել: Երբեք ոչնչից չէր ընկճվում եւ հուսալքվում: Երկար ժամանակ պայքարում էր հավաքական ընդգրկվելու համար: Քանի անգամ Հայաստանի չեմպիոն եղավ, իրեն հավաքների չէին տանում, բայց հույսը չէր կտրում եւ չէր հիասթափվում: Չկար մի մրցում, որ ինքը ներկա չլիներ՝ թեկուզ այդ օրը մրցահարթակ դուրս չգար: Գալիս էր, միշտ մեզ աջակցում իր ներկայությամբ, կիլոգրամներ հաշվում, ծանրաձողի քար դնում, հանգստացնում:

Վերջին զրույցի ժամանակ պատմում էր իր ծառայակից ընկերների մասին: Շատ ընկերներ էր կորցրել այս պատերազմում եւ դա իր համար մեծ ցավ էր, շատ ծանր էր տանում: Ոչնչի մասին չէր խոսում, պատերազմից չէր պատմում: Միայն ծառայակից ընկերներից էր պատմում:
Մի անգամ ասաց, որ եթե իր՝ հայտնի ծանրորդ դառնալու երազանքը չիրականանա, նա հայտնի բլոգեր կդառնա: Ուզում էր հայտնի լինել, բայց սպորտով: Ապրում էր սպորտով»,- ասաց Նանե Ստեփանյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.