Ադրբեջանական ակումբի ներկայացուցիչը կպատժվի հայատյաց գրառման համար

00:43   3 նոյեմբերի, 2020

Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նուրլան Իբրահիմովը կպատժվի հայատյաց գրառման համար: Ակումբի հայտարարության համաձայն՝ Իբրահիմովը սոցցանցերում նման գրառում էր կատարել իբր հոգեբանական վնասվածք ստանալուց հետո:

«Իրավախախտում թույլ տալու համար Իբրահիմովը պատասխանատվություն է ենթարկվել Ադրբեջանի հանրապետության օրենսդրության համաձայն: Նուրլան Իբրահիմովի նկատմամբ վարչական գործ է հարուցվել Ադրբեջանի դատախազության մարմինների կողմից, և այն ուղարկվել է դատարան, որտեղ կընդունվի պատժամիջոցի վերաբերյալ որոշում: Բացի այդ, մեր ակումբի կարգապահական օրենսգրքի համաձայն՝ Նուրլան Իբրահիմովի արարքները կուսումնասիրվեն կարգապահական կոմիտեի կողմից, ինչի արդյունքում կսահմանվեն համապատասխան կարգապահական տույժեր»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի վերաբերյալ, քանի որ Նուրլան Իբրահիմովը սոցցանցերում գրել էր, որ պետք է սպանել բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթներից:

«Ղարաբաղը» երկրորդ տարին անընդմեջ նվաճել էր Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.