09:42 31 հոկտեմբերի, 2020Ակտիվ մասնակցում եմ Ֆրանսիայում անցկացվող խաղաղ ցույցերին, որտեղ ամբողջ ֆրանսիահայության պահանջը մեկն է՝ Արցախի անկախության ճանաչում: Բոլորս լիահույս ենք, որ Ֆրանսիան կանի այդ քայլը եւ կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, որը երկար տարիներ բնակվում է Ֆրանսիայում:
Սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործությունների առաջին օրերից Ռոբերտ Էմմիյանն իր դստեր՝ Լաուրեն Էմմիյանի հետ միացել է Ֆրանսիայի հայ համայնքի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող բողոքի ցույցերին եւ ակտիվ մասնակցություն է ունենում գրեթե բոլոր միջոցառումներին:
Պարոն Էմմիյան, ինչպիսի՞ն է իրավիճակը հայ համայնքի շրջանում վերջին դեպքերից հետո:
Մեզ բոլորիս մտահոգում է այն, ինչ կատարվում է Արցախում, ռազմաճակատում: Այստեղ յուրաքանչյուր հայի համար մեծ ցավ է ամեն մի զինվորի մահը, Արցախում տեղի ունեցող ռմբակոծությունները: Ամբողջ հայ համայնքը, տեսնում եմ նաեւ աշխարհի բոլոր երկրների հայերը ոտքի են ելել: Յուրաքանչյուրն էլ սահմանում ունի բարեկամ, հարազատ, ծանոթ, ընկեր: Ես զարմացած ու հիացած եմ, թե ինչ համախմբված է Ֆրանիսայի, աշխարհի հայությունը, ինչպես են բոլորը կազմակերպված միանում ակցիաներին, բողոքի ցույցերին, իրենց ձայնը բարձրացնում եւ փորձում այստեղ՝ սփյուռքում, իրենց միասնականությամբ, համախմբվածությամբ ինչ-որ լուծման հասնել: Բոլորիս, անխտիր բոլորիս ցանկությունն ու այս պահին երազանքը մեկն է՝ կրակը դադարի, խաղաղություն լինի, խաղաղ պայմաններում մարդիկ ապրեն, պատերազմ չլինի:
Ես հպարտանում եմ, տեսնելով աշխարհի հայությանը, ոչ միայն Ֆրանսիայում, Եվրոպայի մյուս խոշոր երկրներում, ԱՄՆ-ում որքան զսպված, կազմակերպված ու խաղաղ են ընթանում հայերի կողմից կազմակերպված ցույցերը: Մենք՝ գտնվելով պատերազմի մեջ, մեզ հրահրված պատերազմի մեջ, չենք կորցնում մեր զգոնությունը եւ աշխարհի ամեն անկյունում, խաղաղ, առանց քաշքշուկի տասնյակ հազարներով հավաքվում ենք, մեր խոսքը, ձայնն ասում: Եթե նույնիսկ լինում են միջադեպեր, ապա դրանք միայն սադրանքներ են թուրքերի, ադրբեջանցիների կողմից: Բայց դա էլ նրանց մոտ չի ստացվում, ամեն ինչ անմիջապես հարթվում է, հանդարտվում, վերահսկվում:
Ո՞րն է ֆրանսահայության պահանջը եւ ի՞նչ գործողություններ են արվում:
Խաղաղ ցույցեր անցկացվում են Փարիզում, Լիոնում, Մարսելում: Բոլորին ֆիզիկապես չեմ հասցնում ներկա գտնվել: Նախորդ օրը մասնակցեցի Փարիզի բազմահազարանոց ցույցին: Այստեղ ուզում եմ իմ եւ ամբողջ հայ համայնքի անունից շնորհակալություն հայտնել Փարիզի քաղաքապետին, քաղաքի ղեկավարներին եւ, իհարկե, երկրի նախագահին՝ մեզ աջակցելու, ցույց անելու, փողոցներ փակելու թույլտվություն տալու համար: Նախորդ օրվա Փարիզի ցույցին ավելի քան 20 հազար մարդ էր մասնակցում: Փակել էին մայրաքաղաքի կարեւորագույն փողոցները ու մեզ ոչ ոք չարգելեց, չխանգարեց, չխոչընդոտեց: Էյֆելյան աշտարակից ոտքով ու կոչերով շարժվեցինք դեպի Ազգային ժողովի շենք: Եւս մեկ անգամ փաստում եմ, որ խաղաղ ցույց էր, որեւէ ագրեսիա, հրմշտոց չի եղել: Մեր կոչը մեկն է՝ ճանաչել Արցախի անկախությունը եւ օգնել հրադադարի հաստատմանը:
Զարմանալի է, թե ինչպես կարելի է այդ հոծ բազմությանը այդպես ինքնակազմակերպել, ուղղորդել, հետեւել որ չլինի որեւէ խնդիր, տարակարծություններ:
Այստեղ ադրբեջանական համայնքը նույնպես ցույցեր է անում: Նրանք սակավաթիվ են, մի քանի տասնյակ են, բայց իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, քանի որ շատ ագրեսիվ վարքագիծ են ցուցաբերում: Վիրավորական կոչերով են ելույթ ունենում, ագրեսիվ են: Միտումնավոր հայերի բազմության մեջ են մտնում, պրովոկացիա անում, որ անհաշտություններ լինեն, ագրեսիա հասունանա: Բայց նրանք լավ գիտեն, որ մենք խաղաղ ցույցեր ենք անում, որեւէ երկրի, կառավարության, իշխանության չենք վատաբանում, հայհոյախառը գոչերով հանդես չենք գալիս: Մենք մեր ձայնն ենք բարձրացնում եւ մեր պահանջը ներկայացնում Ֆրանսիայի կառավարությանը:
Հայ համայնքը, Դուք, որպես համայնքի ներկայացուցիչ, ի՞նչ ակնկալիք ունեք Ֆրանսիայի կառավարությունից:
Աստված տա, Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը եւ օր առաջ հրադադար լինի: Արցախի ժողովուրդը ապրելու, արարելու, իր հողը, երկիրը, մշակույթը պահելու, պահպանելու իրավունք ունի: Արցախցիները պետք է ապրեն ազատ, անկախ երկրում: Մենք բոլորս լիահույս ենք, որ Արցախը կճանաչվի որպես անկախ Հանրապետություն եւ դրանում իր մեծ ներդրումը, առաջին քայլը կանի հենց մեր բարեկամ երկիր Ֆրանսիան:
Միայն թե՝ ամեն ինչ շատ է ձգձվում: Ամեն մի օրը շատ թանկ է բոլորիս համար: Բոլորս հավատում ենք մեր հաղթանակին, հավատում ենք, որ Արցախն ապրելու է խաղաղ, ազատ եւ անկախ երկնքի տակ:
Ֆրանսիայի հայ համայնքը շատ հզոր է, դուխով, վերջին դեպքերը մեզ չեն ընկճել եւ մեր կոչերը, խաղաղ ցույցերը շարունակվելու են: Աշխարհը պետք է դատապարտի թուրք-ադրբեջանական այս ագրեսիան եւ նրանց կողմից սկսված այս պատերազմին շուտափույթ վերջ դնի: Մենք ուզում ենք խաղաղություն, մենք չենք ուզում պատերազմ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.