Չեմ կարծում, որ դա կվնասի Վինիսիուսին. Զիդանը՝ Բենզեմայի ու Մենդիի զրույցի մասին

21:18   30 հոկտեմբերի, 2020

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում տեղի ունեցած միջադեպին: «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ընդմիջման ժամանակ ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդիիին կոչ էր արել փոխանցում չկատարել բրազիլացի կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորին: «Եղբայր, մի խաղա նրա վրա: Նա խաղում է մեր դեմ»,- ֆրանսերեն ասել էր Բենզեման, որի ասածը ֆիքսել էին տեսախցիկները:

Զինեդին Զիդանը զորակցել է Վինիսիուս Ժունիորին.

«Խաղացողները զրուցում էին, արտառոց ոչինչ չկա: Խաղադաշտում տեղի են ունենում շատ բաներ, սակայն դրանք այնտեղ էլ մնում են: Զրուցեցին՝ ոչինչ, ոչ մի խնդիր չկա: Նրանք շատ լավ են մարզվում, և դա ամենակարևորն է:

Չեմ կարծում, որ դա կվնասի Վինիսիուսին: Ամեն բան մնում է դաշտում: Միշտ այդպես է եղել: Վինիսիուսը երիտասարդ է, նա լավ ապագա ունի Մադրիդում: Նա ջանասիրաբար մարզվում է, ես տեսնում եմ դա: Նա ֆուտբոլիստ է, որը ցանկանում է սովորել ու կատարելագործվել, ինչը լավ է թիմի ու խաղացողի համար: Ես նույնպես շատ բան եմ ասել, երբ խաղացող էի, և ինձ նույնպես քննադատել են»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Մյոնխենգլադբախում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով: Մինչև 87-րդ րոպեն «Ռեալը» պարտվում էր 0:2 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։