09:06 30 հոկտեմբերի, 2020Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Ժորա Համազարյանը չի ծառայել հայոց բանակում, բայց պատերազմի առաջին օրերին ցանկացել է կամավորագրվել եւ մեկնել ռազմաճակատ: Զինկոմիսարիատում նրան թույլ չեն տվել մեկնել Արցախ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը որոշել է մենամարտով ոգեւորել, աջակցել սահմանին կռվող զինվորներին՝ հաղթելով եւ հաղթանակը նվիրելով հայ զինվորներին:
Ժորա Համազարյանը 24 տարեկան է, ծնունդով Գյումրիից: Բնակվում է ԱՄՆ-ում: 6 տարեկանից զբաղվում է բռնցքամարտով: Եղել է Հայաստանի հավաքականի անդամ: 2015 թվականից հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում: 2015 թվականի նոյեմբերի 13-ին երկրորդ մենամարտում նոկաուտով հաղթել է ադրբեջանցի Տուրալ Գարաշովին։ Դրանից հետո պայմանագիր է կնքել մոսկովյան Punch Boxing Promotion-ի հետ:
2016 թվականի փետրվարին Ռուսաստանում տեղի ունեցած մենամարտում գյումրեցի բռնցքամարտիկը նվաճել է WBO վարկածով մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Պրոֆեսիոնալ ռինգում Ժորա Համազարյանն անցկացրել է 12 մենամարտ՝ 9 հաղթանակ, որից 6-ը նոկաուտով, 1 պարտություն եւ 2 ոչ ոքի: Այժմ պատրաստվում է իր 13-րդ մենամարտին՝ նոր պրոմոութերական ընկերության հետ, նոր պայմանագրով: Մենամարտը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Մրցակիցը դաղստանցի Արսլան Մագոմեդովն է (5-1-1), մենամարտը՝ վարկանիշային:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը պատմել է առաջիկա մենամարտի, հաղթանակի կարեւորության եւ սիրողական բռնցքամարտ վերադառնալու, Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու ծրագրերի մասին:
«Բնակվում եմ ԱՄՆ-ում, բայց տարվա ընթացքում ոչ մարզումային եւ ոչ նախամենամարտային փուլերում լինում եմ Հայաստանում: Պատերազմը սկսելու օրերին Հայաստանում էի: Գնացի զինկոմիսարիատ՝ կամավորագրվելու: Ցանկանում էի մեկնել ռազմաճակատ, մեր զինվորների կողքին լինել, ինչ-որ բանով օգնել: Հասկանում էի, որ զինծառայություն անցած չեմ եւ ինձ թույլ չեն տա զենք վերցնել ձեռքս ու առաջնագիծ մեկնել, բայց ուզում էի ինչ-որ բանով օգտակար լինել, թեկուզ ջուր, սնունդն տանել-բերել զինվորների համար, օգտակար գործ անել: Ինձ թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, որ իրավունք չունեն ծառայություն չանցած անձին թույլ տալ մեկնել ռազմաճակատ: Վերադարձա ԱՄՆ եւ որոշեցի հերթական մենամարտս անցկացնել, հաղթանակ տոնել ու այդպես քաջալերել մեր զինվորներին»,- ասաց Ժորա Համազարյանը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը նոր պայմանագիր է կնքել բրիտանական Siesta Boxing Promotion-ի հետ, պրոմոութեր՝ Ալ Սիեստա, որն արմատներով հայ է: Մինսկում անցկացվելիք բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտը Ժորա Համազարյան - Արսլան Մագոմեդով դիմակայությունն է լինելու:
«Քանի որ ինձ թույլ չտվեցին մեկնել ռազմաճակատ, որոշեցի մենամարտով ոգեշնչել մեր տեղաներին: Պատերազմ է, այս շրջանում ցանկացած հաղթանակ, թեկուզ փոքր, բոլորին ուրախացնելու է, զինվորներին ոգեւորելու, մեր դրոշն է ծածանվելու: Հենց այս նպատակով որոշեցի անպայման մենամարտել եւ ամեն ինչ անել հաղթանակի հասնելու համար: Ամբողջ աշխարհը պետք է տեսնի, որ հայը հաղթող ազգ է, հայ ազգը պարտվել չի սիրում ու միշտ հաղթելու է:
Այս մենամարտում ցանկանում էի Արցախի դրոշով ռինգ դուրս գալ, բայց արգելեցին, ասացին՝ հետո խնդիրներ կառաջանա: Ես Հայաստանի դրոշով կբարձրանամ, բայց կանենք նաեւ ակցիա՝ իմ թիմի անդամները կլինեն պատերազմի խորհուրդ դարձած զոհված զինվոր՝ Ալբերտ Հովհաննիսյանի նկարը պատկերող շապիկներով:
Տեղի է ունեցել կշռման արարողությունը, որի ժամանակ էլ կրում էի Արցախի դրոշով դիմակ»,- նշեց գյումրեցի բռնցքամարտիկը:
Պրոֆեսիոնալ կարիերայում բեկումնայինը եղել է ադրբեջանցի Տուրալ Գարաշովի հետ մենամարտը, որը երկրորդ փորձն էր պրոֆեսիոնալ ռինգում: Հայ բռնցքամարտիկը մենամարտի երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցուն:

«Ապրիլյան պատերազմից առաջ էր: Ադրբեջանցուն ծանր նոկաուտի ենթարկեցի: Շատ կարեւոր մենամարտ էր ինձ համար եւ կարեւոր հաղթանակ: Շատ եմ ունեցել ադրբեջանցի, թուրք մրցակիցներ ու միշտ հաղթել եմ: Բոլոր մրցակիցներիս հետ ռինգ դուրս գալիս միայն հաղթական ու մարտական եմ տրամադրվում, բայց եթե մրցակիցներս Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչներ են, ավելի պարտավորեցնող է լինում, լարվածությունն է մեծ լինում, քանի որ գիտակցում ես՝ պարտք ունես կատարելու քո ազգի առաջ եւ միայն պետք է հաղթես: Ես մտածում եմ, որ որքան էլ սերունդներ անցնեն, ինչքան էլ ապրենք, անցյալը եւ այժմ արդեն ներկան միշտ հիշվելու է յուրաքանչյուրիս մեջ ու մենք պարտք ունենք՝ նրանց միայն հաղթելու»,- մեկնաբանեց Ժորա Համազարյանը:
Առաջիկա մենամարտում հաղթելուց հետո պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը ծրագրում է հերթական չեմպիոնական գոտու համար մենամարտն անցկացնել: Նպատակ ունի նաեւ նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
«Բռնցքամարտով զբաղվում եմ 6 տարեկանից: 10 տարի եղել եմ Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մասնակից եմ: Բռնցքամարտի ֆեդերացիայից հրավեր ունեի՝ մասնակցելու Ռիո-2016 Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին, հետո նաեւ Օլիմպիական խաղերին: Չհամաձայնեցի: Այդ ժամանակ նոր էր սկսվել իմ կարիերան պրոֆեսիոնալ բռնցքամարտում եւ աշխարհի գոտու համար մենամարտին պետք է պատրաստվեի: Ընտրության առաջ էի՝ աշխարհի գոտու համար մենամարտ, թե Օլիմպիական խաղեր: Նախընտրեցի աշխարհի գոտին՝ պրոֆեսիոնալ ռինգը:
Այս պահին հրավեր ունեմ ֆեդերացիայից՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Որոշում եմ կայացրել այս հնարավորությունս բաց չթողնել եւ մասնակցել վարկանիշային մրցաշարերին, ուղեգիր նվաճել, մեկնել Տոկիո՝ օլիմպիական մեդալի հետեւից: Պայքարս կլինի 69 կգ քաշային կարգում: Հուսամ՝ ամեն ինչ կստացվի եւ նպատակս՝ Հայաստանի համար բռնցքամարտում օլիմպիական մեդալ նվաճելը, կհաջողվի: Այս անգամ ես պետք է մասնակցեմ»,- ասաց Հայաստանի հավաքականի նախկին անդամը:
Ժորա Համազարյան - Արսլան Մագոմեդով մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, Երեւանի ժամանակով 01:30-ին: Կցուցադրվի ռուսական Матч ТВ-ով:
Լուսինե Շահբազյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.